«Թրամփի ուղի» նախագծի գործարկումը էականորեն մեծացնելու է Հայաստանի և Ղազախստանի տնտեսական գործակցության հնարավորությունները. Փաշինյան
4 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով Հայաստանը կենտրոնացած է «Թրամփի ուղի» նախագծի իրականացման վրա և Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ բանակցային գործընթացում է, որպեսզի համաձայնության հասնեն իրավական շրջանակի և կարգավորումների շուրջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես գիտեք, հիմնական և սկզբունքային հարցերը Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով որոշված են, համաձայնեցված են, և Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց համար իրենց կապուղիները բացում են ներքին, այսինքն՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Հայաստան, երկկողմ հաղորդակցության և միջազգային հաղորդակցության համար: Եվ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն, այդ ամենը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության հիման վրա»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նա հավելել է, որ Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը:
«Ուզում եմ ընդգծել, որ նաև Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որտեղ նույնպես Ալմա-Աթայի հռչակագիրն ունի բազային սկզբունք: Եվ այդ համաձայնեցված և նախաստորագրված տեքստում Հայաստանը և Ադրբեջանն ընդգծում են, որ հիմնվելով այն ըմբռնման վրա, որ նախկին խորհրդային երկրների հանրապետությունները դարձել են անկախ պետություններ և նրանց միջև ադմինիստրատիվ սահմանները վերածվել են պետական սահմանների, այս հենքի վրա երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, արձանագրում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չբարձրացնել նաև ապագայում»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ սա իսկապես շատ ամուր հենք է տևական, կայուն և հուսալի խաղաղության համար, և առաջիկայում պետք է ջանքեր գործադրվեն խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար։
«Իհարկե, մինչ այդ մենք այսօր արդեն աշխատում ենք «Թրամփի ուղի» նախագծի վրա, որը, կարծում եմ, էականորեն մեծացնելու է նաև Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ տնտեսական գործակցության հնարավորությունները, ինչպես նաև մեծացնելու է թե՛ Հայաստանի, թե՛ Ղազախստանի արտահանման պոտենցիալը, Հայաստանի դեպքում՝ դեպի արևելք, Ղազախստանի դեպքում՝ դեպի արևմուտք: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ Ղազախստանն ամենաբարձր` բարձրագույն մակարդակով հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի նկատմամբ, որը իհարկե, բաղկացած է լինելու երկաթուղային հաղորդակցությունից, խողովակաշարերից, էլեկտրահաղորդման գծերից, մալուխներից, և նաև ավտոտրանսպորտի համար նախատեսված ենթակառուցվածքները Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են ցուցաբերել տրամադրել միմյանց»,-նշել է ՀՀ վարչապետը։