Մշակույթ

Հայ-ճապոնական հարաբերությունների պատմությունն անսպառ թեմաներ է տալիս հետազոտողներին՝ նորովի բացահայտելով երկու բարեկամ երկրների կապերը

13 րոպեի ընթերցում

Հայ-ճապոնական հարաբերությունների պատմությունն անսպառ թեմաներ է տալիս հետազոտողներին՝ նորովի բացահայտելով երկու բարեկամ երկրների կապերը

Հայ-ճապոնական հարաբերությունների բովանդակալից պատմությունն ունի բազում ուշագրավ դրվագներ, որոնց ամբողջությունը խորհրդանշում է երկու բարեկամ ժողովուրդների ճակատագրերի նմանությունը և այսօր էլ պարարտ հող է տալիս հետաքրքիր հետազոտությունների համար։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր ղեկավար Աննա Վարդանյանը՝ խոսելով հայ-ճապոնական հարաբերությունների պատմության և իր հիմնադրած միության գործունեության մասին։   

«Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միությունը գործում է 2020 թվականից։ Քանի որ մեր զրուցակիցն ի սկզբանե ճապոնագիտության ոլորտում կազմակերպում էր տարբեր միջոցառումներ՝ հանդես գալով տարբեր նախաձեռնություններով, ուստի հընթացս հասավ մի կետի, երբ արդեն ամեն բան դուրս եկավ իր անձի սահմաններից և առաջացավ ընկերների հետ միավորվելու, համատեղ ջանքերով միություն հիմնելու անհրաժեշտություն, ինչը թույլ կտար ընդլայնել հայ-ճապոնական հարաբերություններին առնչվող գործունեությունը։  

Վարդանյանը ժամանակին սովորել է ճապոներեն և կարողանում է հաղորդակցվել այդ լեզվով, թեև մասնագիտությամբ լեզվագետ չէ, այլ երկրագետ։ Առաջին անգամ Ճապոնիա այցելել է 1999 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Աոմորի քաղաքի համալսարանի միջև փոխանակման ծրագրի շրջանակում։ Ճապոնիայում մագիստրոսական ծրագրին համահունչ ուսումնառությունը տևեց երկու տարի, առավել ևս, որ Հայաստանում դեռ չկար նման ծրագիր։ 

Առհասարակ Վարդանյանի առաջին առնչությունները Ճապոնիայի հետ սկսվել են 1988 թվականից։ Հայրը՝ ակադեմիկոս Արամ Վարդանյանը, մինչև այդ ուներ կապեր գիտական ոլորտում, իսկ հետո դարձավ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիր նախագահը, ուստի կապող օդակ հանդիսացավ Հայաստանի և Ճապոնիայի միջև այն առումով, որ ճապոնացիները նրա միջոցով որոշեցին կազմակերպել օգնության փոխանցումը դեպի երկրաշարժից տուժած գոտի։ Շուրջ տասը տարի Արամ Վարդանյանը եղել է ճապոնացիների հետ գործարար շրջանակների հետ կապերի ակունքներում։ Հենց նրանից էլ Աննա Վարդանյանին է փոխանցվել կապը Ճապոնիայի հետ։  

«Ուսումնառությունից հետո վերադարձա Հայաստան, ավարտեցի ասպիրանտուրան, պաշտպանեցի ատենախոսությունն ու ստացա տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Ուսումնառությունից հետո սկսեցի դասավանդել տնտեսագիտական համալսարանում։ Երբ Հայաստանում բացվեց Ճապոնիայի դեսպանությունը, ինձ մոտ անթաքույց սեր և ցանկություն առաջացավ՝ անպայման հետազոտելու հայ-ճապոնական առնչությունները։ Տարաբնույթ թեմաների ուսումնասիրությունը հանգեցնում էր գիտական բացահայտումների։ Հասկացա, որ այդտեղ կար բավականին մեծ բաց դաշտ, որովհետև որոշ թեմաների մասին մարդիկ ընդհանրապես պատկերացումներ չունեին։ Որոշեցի այդ բացը լրացնել՝ հրատարակելով տասնյակ գրքեր ու աշխատություններ, ինչպես նաև գիտական հոդվածներ։ Պարբերաբար դասախոսություններ եմ կարդում նաև Տոկիոյի համալսարանում»,-պատմեց մեր զրուցակիցը։ 

Մասնագետները նշում են, որ Վարդանյանի հոդվածաշարերն իսկապես պարունակում են գիտական նորույթներ, հետաքրքիր են իրենց բացահայտումներով, որովհետև հեղինակը շատ է խորացել հայ-ճապոնական գիտամշակութային և դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ։ Նրա հետազոտությունների ընթացքն այսօր էլ գնում է այդ ուղղությամբ։ 

«Երբ հրատարակվեցին իմ առաջին հոդվածները, հնչեց քննադատություն այն առումով, որ տնտեսագիտության թեկնածուն գրում է պատմագիտական հոդվածներ, հետևաբար ընտրեցի երկրորդ մասնագիտություն՝ ավարտելով ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության բաժինը։ Երկրորդ ատենախոսությունը, բնականաբար, վերաբերում էր հայ-ճապոնական առնչություններին։ 2020 թվականին տնտեսագիտական համալսարանում, մերօրյա իրողություններից ելնելով, ստեղծեցի «Ճապոնագիտություն» առարկան, որն իր մեջ ներառում է «երկրագիտություն» և «հայ-ճապոնական հարաբերություններ» բաժինները»,- տեղեկացրեց ճապոնագետը։  

Նրա համոզմամբ՝ հայերը ճապոնացիների հետ ունեն շատ ընդհանրություններ։ Մեր ժողովուրդներն ունեն հինավուրց պատմություն և ծանր իրավիճակներից դուրս գալու նմանություն։ «Ճապոնագիտություն» առարկայի հիմքում ճապոնացիների գոյապայքարի լավագույն դրվագներն են, թե ինչպես, օրինակ, նրանք կարողացան հաղթահարել Հիրոսիմայի ու Նագասակիի միջուկային աղետից հետո առաջացած խորը ճգնաժամը, ինչպես կարողացան համախմբվել։ Այդ օրինակները Վարդանյանը նույնականացնում է մերօրյա հայկական իրականության մեջ առկա իրողությունների հետ՝ դրանք լավագույնս պրոյեկտելով թե՛ Հայաստանի տնտեսության, թե՛ մենթալ մտածողության և թե՛ այլ ոլորտների վրա։  

Անդրադառնալով «Արումենիա-Նիպոն» կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին՝ Վարդանյանը նշեց, որ այս տարի լրացավ կառույցի հիմնադրման հնգամյակը, ուստի որոշվեց արժևորել այդ հոբելյանը։ Կազմակերպությունը դեռևս 2015 թվականին ՀՀ Ազգային ժողովի այգում հիմնեց սակուրաների պուրակ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ և Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծությունների 70-րդ տարելիցին։  

«Յուրաքանչյուր տարի, երբ ծաղկում են սակուրաները, մենք կազմակերպում ենք բացօթյա մշակութային միջոցառում։ ԱԺ-ի հետ համագործակցելով՝ հրավիրում ենք Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներին։ Ճապոնական կողմից ներկայանում են դեսպանն ու դիվանագիտական հաստատության ներկայացուցիչները։ Մասնակցում են նաև մշակութային գործիչներ, որոնք որևէ կերպ առնչություն են ունեցել հայ-ճապոնական կապերի հետ։ Միջոցառումը կոչվում է «Հանամի»՝ ծաղկի դիտում։ Ճապոնիայում սակուրայի ծաղկումը համարվում է ազգային տոն, ուստի մենք այն մեկտեղում ենք հայկական ավանդույթների հետ՝ վերջում կատարելով ծառզարդար։ Երեխաների ձեռքերով պատրաստված խաղաղության թղթե աղավնիներն ամրացվում են սակուրայի ծաղկած ծառերին, պահվում են երազանքներ, որպեսզի աշխարհում լինի խաղաղություն»,- մանրամասնեց Վարդանյանը։  

Այս տարի նա Սիլվա Կապուտիկյանի թանգարանում հանդես եկավ դասախոսությամբ։ «Հայ-ճապոնական» անգլալեզու գրքում կար մի հրապարակում այն մասին, որն առնչվում էր մեծանուն բանաստեղծուհու՝ Ճապոնիա կատարած այցի մանրամասներին։ Այդ այցի լուսանկարներն առաջին անգամ տպագրվեցին միության կողմից հրատարակված գրքում, որը լուս տեսավ ՀՀ ԱԳՆ-ի աջակցությամբ և հովանավորությամբ։ 

Ընթացիկ տարում Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվեց միջազգային մեծ ցուցահանդես, որտեղ տաղավար ուներ նաև Հայաստանը։ Այդտեղ այցելուներին ներկայացվում էր «Արումենիա Նիպոն» միության կողմից հրատարակված «Հայ-ճապոնական էսքիզներ» գիրքը։ Մինչև տարեվերջ միությունը նախատեսում է միջոցառում կազմակերպել նաև Թումանյանի անվան տուն-թանգարանի հետ, որն առնչվելու է մեծանուն բանաստեղծին և Հեղինե Մելիք-Հայկազյանին։ Այդ առթիվ նույնպես կհրատարակվի գիրք։     

Վարդանյանն առանձին գրքով անդրադարձել է հայազգի առաջին կին դիվանագետի՝ Դիանա Աբգարի գործունեությանը, ով, ի դեպ, պաշտոնավարել է Ճապոնիայում։ Հեղինակն անցած ամռանն առիթ ունեցավ Երևանում հանդիպելու Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) ներկայացուցիչներից մեկի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի  8-ին կայանալու էր Դիանա Աբգարի թոռնուհու կտակի բացման արարողությունը։ Պարզվեց, որ նա իր ողջ ունեցվածքն ու դիվանագետ տատիկից մնացած որոշ իրեր կտակել էր վերոհիշյալ ասոցիացիային՝ խնդրելով հիմնել Դիանա Աբգարի անվան մշտական ֆոնդ, որը կհամալրվի ու կծառայի աշխարհի հայ կանանց՝ այս կամ այն բնագավառում առաջընթաց ապահովելու համար։ 

«Ես հայտնեցի, որ գրում եմ մեր անվանի դիվանագետին վերաբերող հոդված, որը շուտով լույս կտեսնի։ Ինձ խնդրեցին ծավալը մեծացնել՝ հոդվածը վերածելով գրքի։ Դա փաստորեն դարձավ մեր միության կողմից տվյալ առիթը խորհրդանշող նվեր։ Գրքի շնորհանդեսը օրեր առաջ կայացավ Սան Ֆրանցիսկոյում։ Իմ բոլոր աշխատությունները գիտահեն են, գեղարվեստական գրականության ժանրին չեն պատկանում։ Դիանա Աբգարին վերաբերող հետազոտությունը տևել է հինգ տարի։ Այստեղ կան նոր փաստեր։ Օրինակ՝ մեր դիվանագետն ու իր հայրենակիցները ժամանակին դիմել են Հաագայի դատարան, որպեսզի Արևմտյան Հայաստանում հայերին թույլատրեն ինքնապաշտպանության նպատակով ունենալ զենք կրելու իրավունք։ Այդ փաստաթուղթն ինձ ուղարկել են Ավստրալիայից, որն առաջին անգամ տպագրվել է հենց այդ գրքում»,-պարզաբանեց ճապոնագետը։  

Մյուս նորույթն այն է, որ թեև տարածված թյուր կարծիքի համաձայն՝ Ճապոնիայի կառավարությունը չի ընդունել կամ չի հասցրել ընդունել Հայաստանի առաջին հանրապետության լինելիությունը, սակայն իրականում, ինչպես հիմնավորված է գրքում, Ճապոնիան մեր անկախությունը ճանաչել է առաջինների թվում։ Այդ առթիվ կա Առաջին հանրապետության ԱԳ նախարար Համո Օհանջանյանի նամակը՝ ուղղված Դիանա Աբգարին, որտեղ նա ևս նշում է, որ Ճապոնիան այն երկրների շարքին է դասվում, որոնք ի սկզբանե ճանաչել են Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։  

«Իմ գիրքը նվիրված է ճապոնացի հայագետ Հիդեհարու Նակաջիմայի հիշատակին, ով ամուսնացել է հայ կնոջ հետ, և նրա շնորհիվ մենք գիտենք Դիանա Աբգարի շիրիմի գտնվելու վայրը։ Պատահական չէ, որ ճապոնական Յոկոհամա քաղաքն այդ առումով դարձել է յուրատեսակ ուխտատեղի։ Ի դեպ, այդ գերեզմանատանը հանգչում են միայն քրիստոնյաներ։ Նրանցից Հովհաննես Սագոյանն այն հացթուխն է, որը ստեղծել է հայտնի հացատեսակը՝ «Մելոնպանը», ասել է թե՝ սեխահացը, որը մինչև հիմա թխվում է Ճապոնիայում և վաճառվում բոլոր հանրախանութներում։ Նման օրինակաները գրքում շատ են»,- ասաց Վարդանյանը։ 

Խոսելով մոտ ապագայի ծրագրերի մասին՝ նա նշեց, որ հաջորդ տարվանից «ճապոնագիտություն» առարկան դասավանդելու է նաև ԵՊՀ-ում, առավել ևս, որ ուսանողների շրջանում կա մեծ հետաքրքրություն Հեռավոր Արևելքի նկատմամբ։ Նա պլանավորում է հրատարակել «Հայ-ճապոնական էսքիզների» երկրորդ մասը։ Առաջինը նվիրված է 20-րդ դարի մեծանուն հայերին՝ Արամ Խաչատրյանին, Սիլվա Կապուտիկյանին, Նաիրի Զարյանին, Պավել Լիսիցյանին և այլոց, որոնք կապ են ունեցել Ճապոնիայի հետ։ 

Գրքի երկրորդ մասը նույնպես լի է հետաքրքիր բացահայտումներով և վերաբերում է արդեն մեր ժամանակակիցներին։ Օրինակ՝ ուշագրավ պատմություններ կան Շառլ Ազնավուրի այցերի առնչությամբ, « System of a down» խմբի ճապոնական շրջագայության մասին, որտեղ խոսել են Հայոց ցեղասպանության մասին։ Գրքի երկրորդ մասը նախատեսվում է հրատարակել գալիք տարվա վերջին։ Աննա Վարդանյանը տնտեսագիտական համալսարանի խորհրդի քննությանն է ներկայացրել նաև «Հայ-ճապոնական առնչություններ» դասախոսությունների ժողովածուն, որն իր մեջ պարունակում է համապարփակ նյութ հայ-ճապոնական հարաբերությունների պատմության և դիվանագիտական փոխայցելությունների տարեգրության վերաբերյալ։ Այդ աշխատությունը ուսանողների համար կարող է լինել ուսուցողական հրաշալի ձեռնարկ՝ համալրելով մասնագիտական բարձրարժեք գրականության ցանկը։            

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում