Միացյալ Նահանգներ

Մադուրոն հաստատել է ԱՄՆ վարչակազմի հետ երկխոսության պատրաստակամությունը

3 րոպեի ընթերցում

Մադուրոն հաստատել է ԱՄՆ վարչակազմի հետ երկխոսության պատրաստակամությունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի հետ սրվող հակամարտության ֆոնին հաստատել է ամերիկյան վարչակազմի հետ երկխոսության պատրաստակամությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Միայն դիվանագիտությունն ու երկխոսությունն են թույլ տալիս հասնել փոխըմբռնման փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ», - հայտարարել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրոյի հետ պլյուս» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր բանակցությունների մասին: 

Մադուրոն հիշեցրել է, որ Վենեսուելայի դիրքորոշումը շարադրված է այն նամակում, որը Թրամփին է հանձնվել 2025 թվականի սեպտեմբերի 6-ին: 

«Դա միջազգային իրավունքի խիստ պահպանման և ուժի կիրառման սպառնալիքների չընդունման անփոփոխ, պատմական դիրքորոշում է, որը շարադրած է այդ նամակում։ Ով ցանկանում է խոսել Վենեսուելայի հետ, դա անում է դեմ առ դեմ», - նշել է Մադուրոն:

«Խաղաղությունն այլընտրանք չունի: Երկխոսությանն՝ այո, խաղաղությանն՝ այո, պատերազմին՝ ոչ», - հայտարարել է Մադուրոն՝ հավելելով, որ դա Վենեսուելայի անփոփոխ դիրքորոշումն է:

Ավելի վաղ Թրամփը նույնպես չէր բացառել, որ կարող է զրուցել Մադուրոյի հետ։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի բացառում Վենեսուելայի նկատմամբ գործողությունների ոչ մի տարբերակ, այդ թվում՝ ցամաքային ռազմական գործողությունը: 

«Ես ոչինչ չեմ բացառում, մենք պարզապես պետք է լուծենք Վենեսուելայի հետ կապված խնդիրը», - ասել է նա:

Վաշինգտոնը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար ակտիվ պայքարի  համար: ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում տեղակայել են  ութ նավ, մեկ ատոմային սուզանավ, ավելի քան 16 000 զինծառայող և սեպտեմբերից ի վեր միջազգային ջրերում ոչնչացրել են առնվազն 20 արագընթաց նավակ։ Զոհվել է 76 մարդ, որոնց մեղադրել են Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության համար։ Նոյեմբերի 16-ին Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան նավերի հարվածային խումբը՝ «Ջերալդ Ֆորդ» ավիակիրի գլխավորությամբ, մտել է Կարիբյան ծով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում