Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան ՀՀ անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են. Պապիկյան
1 րոպեի ընթերցում

Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան Հայաստանի անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք Զինված ուժերի սպառազինության արդիականացմանն ուղղված աշխատանքները, համագործակցությունը նոր գործընկերների հետ»,- ասել է Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմարդյունաբերությունը։ «2022 թվականին մենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ ունեցել ենք մոտավորապես 5.5 միլիարդ դրամի պայմանագրեր։ Այդ թիվն այսօր դարձել է 171 միլիարդ դրամ»,- մանրամասնել է Սուրեն Պապիկյանը։
Նախարարը շեշտել է՝ Հայատանը իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է մեկ նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։