Շեքսպիրյան պոեզիան՝ ժամանակակից իրականությունում. Ստանիսլավսկու անվան թատրոնի փոքր բեմում կլինի «Շեքսպերիմենտ»-ը
10 րոպեի ընթերցում

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, երբ մարդիկ հաճախ մոռանում են այնպիսի կարևոր արժեքների մասին, ինչպիսիք են սերը, ընտանիքը, ընկերությունն ու նվիրվածությունը, բեմադրիչ Էլմիրա Սոլոյանը կարևոր է համարում թատրոնում պոեզիայի լեզվով հիշեցնել այդ ամենը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով իրեն տեսնել կողքից։

Սոլոյանը ցանկանում է թատրոն վերադարձնել հույզը, ապրումը, որը, ըստ նրա, հնարավոր է լավագույնս անել՝ մարդկային հարաբերությունների տարբեր դրսևորումներին անդրադառնալով։ Այս անգամ կարևորագույն հարցերը կբարձրաձայնի անգլիացի մեծանուն դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի սոնետների միջոցով, սակայն՝ իր յուրահատուկ մեկնաբանությամբ ու մատուցմամբ։

«Շեքսպերիմենտ» պերֆորմանսը՝ նախատեսված 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար, թատերասերներին կներկայացվի նոյեմբերի 15-16-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում։
«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ներկա են եղել պերֆորմանսի փորձին, զրուցել ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ և փոխանցել հետաքրքիր դրվագները։

Սոլոյանը երկրորդ անգամ է բեմադրությամբ հանդես գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Նախորդ տարի հանդիսատեսի դատին է հանձնել «Հարաբերություններ» դրաման, որը պահանջված է մինչ օրս։ «Գնալով ավելի է մեծանում կախվածությունն արհեստական բանականությունից, համացանցից, հեռախոսներից, ռոբոտներից. Հատկապես այս ժամանակներում անհրաժեշտ է խոսել մարդկային հարաբերությունների մասին։ Փորձում եմ հնարավորինս շատ ներկայացումներ բեմադրել, որոնցում խորը էմոցիաներ են։ «Հարաբերություններ»-ը ժեստերի լեզվով էր. ուզում էի ցույց տալ, որ արժեքավոր սիրո մասին պետք է լռել, պետք է լռելու, ժեստերի միջոցով փոխանցել հույզերը»,-նշում է բեմադրիչը։
Նա վստահ չէ, որ այս մարդկային քաոսում կարող է բավականին ուժեղ լինել մարդկանց արթնացնելու համար, սակայն ցանկանում է դա անել՝ պոեզիային, ժամանակակից թատրոնին ապավինելով։

«Հաճախ ենք շեշտը դնում ձևի վրա՝ մոռանալով բովանդակությունը, այնինչ ձևն ու բովանդակությունը պետք է փոխկապակցված լինեն, մեկ ուղղությամբ գնան։ Արտահայտչամիջոցները չպետք է լինեն առաջնային»,-վստահեցնում է Սոլոյանը։
Շեքսպիրը գրել է 150-ից ավելի սոնետներ, որոնք անդրադառնում են մարդկային հարաբերությունների տարբեր դրսևորումներին, սակայն բեմադրիչն ընտրել է այն ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են ներկայացման սյուժեին։ Ընտրված սոնետների առանցքում մտերիմ ընկերների փոխհարաբերություններն են, որոնք ի չիք են դառնում դավաճանության պատճառով։

Քսանից ավելի սոնետ են առանձնացրել։ Բեմադրիչը կարծում է՝ սոնետներն ակտուալ են, որովհետև մարդիկ բոլոր ժամանակներում նույն կերպ են սիրում։
«Այս ներկայացմամբ չեմ փորձում ինչ-որ բան սովորեցնել, հարցեր եմ առաջ քաշում, որևէ հարցի պատասխան տալ չեմ ցանկանում, ուզում եմ՝ հարցեր առաջանան, թե ինչու ենք դիմում այս կամ այն քայլին, ընկերության մեջ ինչն ենք արժևորում, սիրած մարդու, ծնողի նկատմամբ սերն ինչպես է մեր կյանքում դրսևորվում և այլն»,-ընդգծում է Էլմիրա Սոլոյանը։
Երբ ներկայացում է դիտում մեծ դահլիճում, նրան թվում է՝ երկու բեմադրության է հետևում. մի ներկայացումը տեղի է ունենում հանդիսասրահում, մյուսը՝ բեմում։ «Փոքր բեմում ասես խոշորացույցով հետևես դերասանի խաղին։ Սիրում եմ պերֆորմատիվ գործիքներ օգտագործել, և այս ներկայացումն ավելի շատ պերֆորմանս է։ Արվում է հնարավորինս ամեն բան, որ հանդիսատեսն իրեն զգա գործողությունների մի մասնիկը։ Եթե մեծ բեմում էլ աշխատեմ, կաշխատեմ նման գործիքներ կիրառել»,-ասում է նա։

Սոլոյանը միշտ ազատություն է տալիս դերասաններին, սակայն վերջիվերջո անում է այն, ինչ ի սկզբանե մտածել էր։ Սիրում ու բարձր է գնահատում Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանների թե՛ մարդկային որակները, թե՛ պրոֆեսիոնալիզմը։
«Շեքսպերիմենտ»-ում զբաղված են Արեն Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը, Ելենա Կասիմյանը, Յանա Տուրգունյանն ու Լիլիա Մուկուչյանը։
Յանա Տուրգունյանը կարծում է՝ Շեքսպիրն այն ականավոր դրամատուրգներից է, որն անկախ իր ցանկությունից միշտ ներկա է լինելու մեր առօրյայում, քանի որ գրել է այնպիսի ստեղծագործություններ, որոնք դուրս են ժամանակից։

Ներկայացման մեջ Յանան բարի (bar) տիրուհի է, որի աչքի առաջ զարգանում են գործողությունները։ Նա անզեն աչքով տեսնում է, թե ինչպես է ժամանակավոր հաճույքի համար, որը ոչնչի չի բերելու, որը ոչ մի արժեք չունի, փլվում մտերիմ մարդկանց ընկերությունը։ Նա փորձում է ինչ-որ չափով հարթել իրավիճակը, սակայն չի հաջողվում։

Ըստ դերասանուհու՝ հնարավոր է ներկայացումը դիտելուց հետո հանդիսատեսը փորձի վերլուծել կերպարների քայլերը, փորձի հասկանալ այս կամ այն քայլի դրդապատճառները, ինչու չէ նաև հետևություններ անի։
Ներկայացումը գեղեցկանում է, յուրահատուկ շունչ ու հոգի է ստանում նաև Յանայի երգերի շնորհիվ։ Նա կենդանի կատարում է Բիթլզի, LP-ի և այլ հայտնի խմբերի և արտիտսների երգեր։ Խոստովանում է՝ շատ է սիրում երգել ու մեծ բավականություն է ստանում իր դերակատարումից։
Ստանիսլավսկու անվան թատրոնի փոքր բեմը, որում բազմաթիվ հետաքրքիր ներկայացումներ են խաղում, հանդիսատեսին հնարավորություն է տալիս ձուլվել դերասաններին, դառնալ ներկայացման մի մասնիկը, սակայն բավարարվել քիչ դեկորացիաներով, որոնց կարիքը հաճախ չկա։
«Շեքսպերիմենտ»-ի բեմանկարիչ Արեգ Միրիջանյանի խոսքով՝ երբեմն դիմում ես բեմանկարչական ճոխ լուծումների, երբեմն էլ սահմանափակում ես քեզ ինչ-ինչ պատճառներով, ինչը պայմանավորված է նաև ռեժիսորական լուծումներով, որովհետև ռեժիսորն ու նկարիչը պետք է համագործակցեն։ «Շեքսպերիմենտ»-ի պարագայում ռեժիսորի և բեմանկարչի համագործակցությունը բերել է ավելի սեղմ լուծումների, ինչին նպաստել է նաև բեմական տարածությունը։

«Սեղմ միջոցները պետք է օգնեն դերասանական խաղին, այդ հարաբերությունների բացահայտմանը։ Լուծումը խաղարկային է, որովհետև դերասաններն աշխատում են դեկորացիայի հետ. ստատիկ դեկորներ չկան։ Բարդություններից մեկն այն է, որ մենք գործ չունենք դասական դրամատուրգիական կառուցվածքի հետ։ Շեքսպիրի դրամատուրգիան ունի դասական կառուցվածք։ Այդ դեպքում ավելի հեշտ է կառչել ինչ-որ բանից, իսկ պոետական մտքի դեպքում ավելի բարդ է։ Պոեզիան մաքուր զգացողություն է, ուստի պետք է կարողանալ փոխանցել միջավայրը, գտնել լուծումը։ Էլմիրան կարողացել է պոետական միտքը կառուցել սյուժեի շուրջ։ Սյուժեն ևս հիմք է հանդիսացել որոնելու և գտնելու բեմանկարչական լուծումներ ու տարածություն»,-նշում է նա։
Միրիջանյանը չի սիրում «արվեստով զբաղվել» արտահայտությունը։ Ըստ նրա՝ արվեստով ապրում են, զբաղվում են հոբբիով, երբ ազատ ժամանակ ունեն։ «Պետք է ճանաչես նյութը, ուսումնասիրես այն։ Երբեմն ուսանողներիս ասում եմ, որ բեմանկարչությամբ զբաղվելիս անհրաժեշտ է իմանալ, թե այս կամ այն նյութը գրելիս հեղինակի հագին ինչ է եղել, ինչ ապրումներ է ունեցել. իհարկե չափազանցնում եմ, բայց ուզում եմ ասել, որ այդքան լավ պետք է ճանաչել հեղինակին, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործություն մեծ կապ ունի գրողի կենսագրության, այդ ժամանակահատվածում կատարված իրադարձությունների հետ։ 16-րդ դարում գրված ստեղծագործությունները ներկայացնում ենք այսօր, ուստի պետք է գտնել այն կամուրջը, որը թույլ կտա այսօր տեսնել այդ խնդիրները»,-ընդգծում է բեմանկարիչը։
Ստեղծագործական կազմի համոզմամբ՝ հեղինակն ապրում է այնքան, որքան ապրում են նրա ստեղծագործությունները։

«Շեքսպիրին դիտարկում ենք որպես 16-րդ դարի հեղինակի, բայց նա մեր ժամանակակիցն է, որովհետև նրա ստեղծագործությունները մինչ օրս արդիական են։ Փոխվում է ձևը, բայց չեն փոխվում մարդու էությունն ու կոնֆլիկտի բովանդակությունը։ Կարծում եմ՝ ռեժիսորը համարձակ քայլ է արել՝ մոտենալով Շեքսպիրի սոնետներին։ Պետք է կարողանալ այդ համարձակությամբ չվիրավորել հեղինակին, պահել սուբորդինացիան, միևնույն ժամանակ լինել համարձակ ու տեսնել նրա առաջադրած խնդիրները, հասկանալ, թե ինչ արձագանք կարող են նրա գործերը գտնել ժամանակակից մարդու կյանքում»,-եզրափակում է Արեգ Միրիջանյանը։
Շեքսպիրյան հրաշալի տեքստերը, համադրված հետաքրքիր ռեժիսորական, բեմանկարչական լուծումներով, դերասանական տպավորիչ խաղով, վստահաբար կգրավեն թատերասերների ուշադրությունը, իսկ Էլմիրա Սոլոյանը չի դադարի յուրահատուկ ձեռագրով խոսել կարևորի՝ մարդկային հարաբերությունների մասին։
