Իրավունք

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական դատարան է դիմել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն և ֆինանսական փոխհատուցում վիրավորական հրապարակումների համար։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Datalex» դատական տեղեկատվական համակարգից։

Երևանի քաղաքացիական դատարանում ընդունված հայցադիմումը վերաբերում է Սաղաթելյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արած հրապարակումներին, որոնք, ըստ Սիմոնյանի, պարունակել են վիրավորական արտահայտություններ իր հասցեին։ 

Հայցվորը պահանջում է Վազգեն Սաղաթելյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ «Ֆեյսբուքում» կամ առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում հինգ օր շարունակ տեղադրելով հետևյալ բովանդակությամբ հայտարարություն․

«Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», բռնագանձել Վազգեն Սաղաթելյանից 2 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում, բռնագանձել 530 հազար դրամ դատական ծախսերի դիմաց, այդ թվում՝ 480 հազար դրամ փաստաբանի վարձատրության և 50 հազար դրամ պետական տուրքի համար։

Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալլա Քյուրքչյանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում