Հայաստան

Արարատ Միրզոյանն ու Դանիայի Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Դանիայի Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոպենհագենում հանդիպել է Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ընդգծելով այդ գործընկերությունը որակապես նոր հարթություն տեղափոխող՝ առաջիկայում ստորագրվելիք նոր օրակարգի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում մի շարք ուղղություններով արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին, այդ թվում՝ վիզաների ազատականացման ուղղությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումը համահունչ է ՀՀ քաղաքացիների ձգտումներին, որոնք արտահայտվեցին նաև այս տարի ընդունված՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքում։ 

Արարատ Միրզոյանը և Մարի Բյեռը մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերի և դրանց հաղթահարման հարցում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է ԵՄ շարունակական աջակցությունը ՀՀ դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։

Նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի դիվերսիֆիկայի ուղղություններով։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026 թ. մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում փոխգործակցության հարցերի։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել է ՀՀ կառավարարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն ու դրա անբաժանելի մաս կազմող՝ «TRIPP ուղի» նախագծին, որի կյանքի կոչումը լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս» ծրագրին։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում