Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

4 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոպենհագենում հանդիպել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսենին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ամբողջ օրակարգը՝ պայմանավորվելով ակտիվ քաղաքական երկխոսության, տնտեսական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով նպաստել գործընկերության խորացմանը։

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական հնարավորությունները, այդ թվում՝ գործարար կապերի, ներդրումների խթանման, նորարարությունների, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում հնարավոր կոնկրետ ծրագրերը։ Երկուստեք շեշտվել է, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը և Դանիան մոտ են միմյանց՝ ժողովրդավարական սկզբունքների և համախոհ գործընկերությունների զարգացման հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Նախարար Միրզոյանը կարևորել է Դանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ շնորհակալություն հայտնելով Դանիայի կողմից նախաձեռնված «2023–2026թթ. Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ծրագրում Հայաստանի ընդգրկման համար։ 

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով նաև ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը: Արարատ Միրզոյանը շնորհավորել է դանիացի գործընկերոջը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող կազմակերպման կապակցությամբ՝ բարձր գնահատելով դանիացի գործընկերների կողմից արտահայտված՝ Երևանում առաջիկա ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստման շրջանակներում փորձի փոխանակման և համագործակցության պատրաստակամությունը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան–Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համատեքստում անդրադարձ է կատարվել կապուղիների ապաշրջափակման հնարավորություններին, որոնց արդյունավետ իրացումը կնպաստի նաև Եվրոպա-Կենտրոնական Ասիա հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր: 

Հուշագրով ընդգծվում է Հայաստան-Դանիա և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությունների հետագա խորացման կարևորությունը: Երկու երկրները կշարունակեն ջանքերն՝ ուղղված Հայաստանի ԵՄ չափանիշներին աստիճանական մոտարկմանը, նրա ինքնիշխանության ու դիմադրողականության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ 

Կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին զուգահեռ երկու երկրները կխրախուսեն երկխոսությունն ու համագործակցությունը կանաչ անցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, մարդու իրավունքների, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Հայերեն العربية English Français Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին