Տնտեսություն

Պարտքի վճարման փոխարեն գումարը կարող է ուղղվել անտառապատմանը. կգործարկվի պարտք՝ կլիմայի դիմաց մեխանիզմը

3 րոպեի ընթերցում

Պարտքի վճարման փոխարեն գումարը կարող է ուղղվել անտառապատմանը. կգործարկվի պարտք՝ կլիմայի դիմաց մեխանիզմը

Հայաստանում հնարավորություն կստեղծվի գործարկել պարտք՝ կլիմայի դիմաց փոխանակման մեխանիզմը, որով պարտքի ուղիղ վճարման փոխարեն այդ պարտքի գումարը երկրի ներսում կարող է ներդրվել կլիմայական գործողություններ իրականացնելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կլիմայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը:

Նրա խոսքով՝ հնարավորություն է ընձեռվում երկիր-երկիր ձևաչափով առևտրայնացնել ջերմոցային գազերի արտանետումները: Հայաստանն ամրագրել է ջերմոցային գազերի կրճատման թիրախ՝ մինչև 2030թ ջերմոցային գազերը կրճատելու 40 տոկոսով՝ 1990 թ ցուցանիշների համեմատ: Դրանից ավելի կրճատելու պարագայում դա կարող է վաճառել այլ երկրի, որն իր սահմանած թիրախներին չի հասել:

«Հնարավորություն կստեղծվի նաև գործարկել պարտք՝ կլիմայի դիմաց փոխանակման մեխանիզմը, որով պարտքի ուղիղ վճարման փոխարեն այդ պարտքի գումարը երկրի ներսում կարող է ներդրվել կլիմայական գործողություններ իրականացնելու համար, օրինակ՝ անտառապատում, ջրային ոլորտ, էներգետիկա և այլն»,-ասաց փոխնախարարը:

Ստեղծվում է լրացուցիչ ներդրումային ռեսուրսների ներգրավման հնարավորություն, երբ ներդրողները մոտիվացված կլինեն ներդրումներ կատարել տեխնոլոգիական վերազինման համար՝ կրճատելով ջերմոցային գազերը և իրենց ձեռք բերած ածխածնային կրեդիտները վաճառելով:  

Հնարավորություն կտրվի միջազգային գործընկերներից, դոնոր երկրներից ներգրավել լրացուցիչ մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով:

Արտահանողների համար նպաստավոր պայմաններ կապահովվեն ԵՄ շուկայում՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ի կողմից 2026թ-ից ներդրվելու է ածխածնի սահմանային ճշգրտման մեխանիզմը: «ԵՄ-ն իր սահմանին գանձելու է ներմուծվող մի շարք ապրանքների համար ապրանքների ածխածնի պարունակության վճար: Եթե տվյալ ներմուծողն իր երկրում արդեն վճարել է ածխածնի համար, ապա նա կրկնակի չի վճարի ԵՄ սահմանին կամ կվճարի դրա տարբերությունը: Այդ ապրանքներն են ալյումին, պողպատ, էլեկտրաէներգիա, պարարտանյութ և ցեմենտ»,-ասաց Մեյմարյանը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել այդ ցանկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում