Հայաստան

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը կլինի պարտադիր պահանջ. ՆԳՆ ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը կլինի  պարտադիր պահանջ. ՆԳՆ ոստիկանություն

Առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրազեկող հայտարարություն են տարածել  ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ  նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է:

«Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե

1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ»,- նշված է հայտարարության մեջ:

Գերատեսչությունից նշել են՝ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում