Իրավունք

Շվեդ գործընկերների օգնությամբ փոփոխվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և հայկական ԶԼՄ-ների միջև հարաբերությունների բնույթը

5 րոպեի ընթերցում

Շվեդ գործընկերների օգնությամբ փոփոխվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և հայկական ԶԼՄ-ների միջև հարաբերությունների բնույթը

Դիլիջանում կայացավ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրին առնչվող աշխատաժողովը, որին մասնակցեցին տարբեր լրատվամիջոցների և դատական ատյանների ներկայացուցիչներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատաժողովում քննարկված հիմնական թեման վերաբերում էր դատական իշխանության և զանգվածային լրատվության միջոցների միջև հաղորդակցության բարելավմանը և ԶԼՄ-ների արդյունավետ ներգրավման ռազմավարություններին։ 

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցն իր ելույթում խոսելով նշված ծրագրի արդյունավետության ու ձեռքբերումների մասին՝ նշեց, որ շվեդ գործընկերների աջակցությունն իսկապես անգնահատելի է։ Նա հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի շարունակական։

«Սա այն ծրագրերից է, որի ընթացում մենք ունեցել ենք հիանալի արդյունքներ։ Առհասարակ ծրագրերը, որոնք իրականացվում են պետական մարմինների համար, գերազանցապես ուղղված են հենց այդ կառույցների գործունեության բարելավմանը։ Տվյալ ծրագրի առանձնահատկությունն այն է, որ գլխավորապես առնչվում է դատական իշխանությանը հասարակության հետ կապող կարևոր օղակին՝ ԶԼՄ-ներին։ Ընթացքում եղել են խոչընդոտներ, որոնցից մեկն էլ ԱՄՆ-ի ՄԶԿ ծրագրի փակումն էր։ Մեր շվեդ գործընկերները կարողացան ճիշտ օգտագործել իրենց կարողություններն ու հմտությունները և ապահովեցին ծրագրի շարունակականությունը»,-ասաց Թումանյանցը։ 

Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում անցկացվել են բազմաթիվ վարժընթացներ և հենց այս ծրագրի շնորհիվ է ստեղծվել դատական ատյանների մամլո խոսնակների ցանցը, որն օգնել է լրագրողներին համապատասխան տեղեկատվությունը ստանալ հնարավորինս արագ և արդյունավետ կերպով։ Փաստորեն՝ շվեդ գործընկերների օգնությամբ շահեկանորեն փոփոխվել է Բարձրագույն դատական խորհրդի և ԶԼՄ-ների միջև հարաբերությունների բնույթը։ 

«Որոշ ծրագրերի փակման ու որոշների վերաֆինանսավորման հետ կապված հարցերի պարագայում հաշվի առնելով այս ծրագրի հաջողությունը՝ պետք է ապահովել դրա շարունակականությունը, ինչն ունի չափազանց մեծ նշանակություն։ Մեր կարիքների ամբողջական գնահատման առումով՝ հասել ենք վերջին փուլին և գնահատում ենք նաև հաղորդակցության ոլորտին առնչվող խնդիրները, ուստի նման աշխատաժողովները մեզ օգնում են ստանալ լրատվամիջոցների արձագանքներն ու տեսակետները՝ ընդհանուր պատկերն ավելի լավ պատկերացնելու և հետագա կարիքները ճիշտ գնահատելու համար»,- ասաց ԲԴԽ անդամը։ 

Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի իրավախորհրդատու և ծրագրերի ղեկավար Լինա Վալլենբերգն իր հերթին նշեց, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությունը բավականին արգասաբեր է։  

«Մեր ընդհանուր նպատակը Հայաստանի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության աճին նպաստելն է, և այդ համատեքստում դատարանների ու լրատվամիջոցների համագործակցության խթանումն ու բարելավումը շատ կարևոր բաղադրիչ է։ Նման միջոցառումներն օգնում են ավելի լավ պատկերացնել միմյանց դերակատարությունը, ուստի բաց քննարկումների համար հնարավորություններն իսկապես շատ են։ Քննարկումների ընթացքում սովորաբար ներկայացնում ենք մեր փորձն ու նկարագրում Շվեդիայի դատական համակարգի անցած ճանապարհը՝ գործընկերների հետ կիսելով դատարաններ-լրատվամիջոցներ հարաբերությունների խորացման հետ կապված մեր գիտելիքները»,-ասաց Վալլենբերգը։ 

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում ինչպես է պրոակտիվ հաղորդակցությունը ձևավորում հանրային վստահություն դատարանների նկատմամբ, ինչպես է ընթանում հաղորդակցության գործընթացը, ինչպես են զարգանում կապերը դատական ատյանների ու ԶԼՄ-ների միջև։ Շվեդ գործընկերները ներկայացրին իրենց փորձը և աշխատաժողովի մասնակիցների հետ քննարկեցին դատարանների ու լրատվամիջոցների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։     

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում