Վարչապետը խոսել է 44-օրյա պատերազմը կանխելու հնարավորության և իր սխալի մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է 2020 թվականի պատերազմը կանխելու հնարավորությանը և դրա համար անհրաժեշտ պայմաններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում վարչապետը նշել է, որ 44-օրյա պատերազմը կանխելու միակ ճանապարհը կլիներ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի լեգիտիմության համապատասխանեցումը միջազգային լեգիտիմությանը։

«Ի՞նչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար։ Դրա համար հարկավոր էր մի բան՝ որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ դա գործնականում անհնար էր, քանի որ դեռ 1990-ականներից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայկական և միջազգային ընկալումները հեռացել էին միմյանցից։

«1990-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը և միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունը իրարից հեռացել էին, և այդ պատկերացումների միջև ճեղքեր էին առաջացել»,-նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ այդ պատկերացումները համապատասխանեցնելը գործնականում չէր կարող իրականություն դառնալ, քանի որ այդ դեպքում Հայաստանը պետք է առաջին քայլով ընդուներ, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։

«Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 2018-2019 թթ․-ին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել»,-ընդգծել է վարչապետը։

Հայերեն Русский