Հայաստան

Քննարկվել են COP17-ի հարթակի, կիբեռանվտանգության և նախարարության ծառայությունների թվայնացման բարեփոխումների հարցերը

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են COP17-ի հարթակի, կիբեռանվտանգության և նախարարության ծառայությունների թվայնացման բարեփոխումների հարցերը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ քննարկվել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պաշտոնական կայքի նախապատրաստական աշխատանքների և կիբեռանվտանգության ապահովմանն առնչվող հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ քննարկման ընդացքում անդրադարձել են նաև նախարարության թվայնացման բարեփոխումների ընթացքին, հիմնական ուղղություններին և առաջիկա ծրագրերին։

Քննարկմանը մասնակցել են Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, Տելեկոմ Արմենիայի,Դոպինգ Սփեյսի, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հիմնադրամի ներկայացուցիչները և նախարարության համատասխան ստորաբաժանումների ղեկավարները։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարության 2026 թվականի առաջնահերթ թվայնացման ծրագրերը, որոնց թվում են՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի թվայնացման ճանապարհային քարտեզի մշակումը, թափոնների հեռացման վայրերի թվային ռեեստրի ստեղծումն ու ռեեստրային գրանցման ծառայությունների թվայնացումը։

Արա Մկրտչյանը նշել է, որ թվայնացումը նախարարության բարեփոխումների օրակարգի կարևոր բաղադրիչներից է՝ ուղղված պետական ծառայությունների հասանելիության և արդյունավետության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ թվային լուծումների ներդրումը կնպաստի տնտեսվարողի վարչարարական բեռի նվազեցմանը, ծառայությունների մատուցման արագացմանը և առավել կանխատեսելի ու արդյունավետ գործարար միջավայրի ձևավորմանը։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը թվային լուծումների մշակման և նորարարական ծառայությունների զարգացման գործընթացում՝ ընդգծելով պետական և մասնավոր հատվածների համագործակցության առանցքային նշանակությունը հաջող թվային վերափոխումների համար։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում