Հայաստան

Հայաստանը և Հնդկաստանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը մի շարք ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Հնդկաստանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը մի շարք ոլորտներում

Երևանում նոյեմբերի 7-ին կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳ նախարարությունը։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով Հայաստանի և Հնդկաստանի միջև դինամիկ փոխգործակցությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսության հետագա խորացման հնարավորությունները: 

Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ կրթության և մշակույթի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կողմերի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: 

ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում վերջին զարգացումները: Հնդկաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորհրդակցությունների շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության միջև հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում