Հայաստան

«Ավրորա» մրցանակն այս տարի շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

7 րոպեի ընթերցում

«Ավրորա» մրցանակն այս տարի շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ավրորա»-ի գրասենյակից՝ ընդգծելով, որ Սուդանի «Ալ Նաո» հիվանդանոցի ղեկավարը ճանաչման է արժանացել քաղաքացիական պատերազմի պայմաններում կենսական բուժօգնություն տրամադրելու եւ հարյուրավոր կյանքեր փրկելու համար

«1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։ Այս տարի «Ավրորան» արժանին է մատուցում բժիշկ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։ 

Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի եւ երկրի առողջապահական համակարգի գրեթե ամբողջական խաթարման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է բաց պահել «Ալ Նաո» հիվանդանոցն Օմդուրմանում՝ որպես մեծ Խարթումի տարածքում գործող վերջին հիվանդանոցներից մեկը: Սա նրա տոկունության եւ առաջնորդական հմտությունների վկայությունն է՝ նույնիսկ ամենավտանգավոր պայմաններում»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: 

Բժիշկ Ջամալ Էլթայեբին խոստովանել է՝ ուզում էր բժիշկ դառնալ, որպեսզի ծառայի մարդկանց:

«Մեծանալով՝ ես հասկացա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, եւ որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Ես ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի ծառայեի մարդկանց ամենադժվարին պահերին»,- ասել է նա:

Բժշկի խոսքով՝ «Ավրորա» մրցանակն ամենուրեք ոգեշնչում է բժիշկներին, ուսուցիչներին, մարդասիրական գործիչներին եւ սովորական մարդկանց՝ շարունակելու իրենց գործը՝ իմանալով, որ իրենց ջանքերը կարեւոր են։ Նկատում է՝ սա հիշեցնում է այն մասին, որ մեկ մարդու խիզախությունը կարող է բերել փոփոխության, իսկ կարեկցանքը՝ ապաքինման։ Նույնիսկ ամենափոքր բարի գործը կարող է հույս ներշնչել:

«Մի ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել: Աշխարհում, որտեղ «ոչ մարդասիրությունը» հաճախ գերակշռում է վերնագրերում, բժիշկ Էլթայեբը հիշեցնում է մեզ այն մասին, որ մարդասիրության ոգին դեռ ողջ է, եւ յուրաքանչյուրս ունենք այն պահպանելու պարտավորություն»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։

2025 թ․ դափնեկրի անունը հայտարարվեց «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ ապաստանի եւ կյանքը վերսկսելու խորհրդանիշ դարձած Էլիս կղզում՝ նշանավորելով «Ավրորայի» գործունեության տասնամյակը։ 

Բժիշկ Էլթայեբն ընտրվել է առաջադրված ավելի քան 800 թեկնածուներից։ Որպես 2025 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ նա կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ իր աշխատանքն ընդլայնելու եւ տեղում գործող մերօրյա հերոսներին ու կազմակերպություններին աջակցելու համար, որոնք իրենց հերթին օգնում են կարիքավոր համայնքներին։

«Չնայած անհավատալի վտանգին եւ զրկանքներին՝ բժիշկ Էլթայեբն իր օրինակով է ցույց տվել, թե որն է իրական մարդասիրական առաջնորդությունը: «Ավրորա»-ի համար պատիվ է աջակցել նրա առաքելությանը եւ ներկայացնել նրանց տոկունությունը, ովքեր անցնում են հակամարտության միջով։ Բժիշկ Էլթայեբի անձնուրաց աշխատանքը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ պատերազմի ժամանակ մարդկայնությունը կարող է հաղթել»,-ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։ 

2023 թ․ ապրիլից, երբ Սուդանում հակամարտությունը սրվեց, բժիշկ Էլթայեբն ստիպված էր գործել ռմբակոծությունների, ենթակառուցվածքների փլուզման եւ էլեկտրաէներգիայի ու բժշկական պարագաների, այդ թվում՝ անզգայացման միջոցների սուր սղության պայմաններում։ Նա ջանք չի խնայում, որպեսզի հարյուրավոր վիրավորներ, տեղահանվածներ եւ ծանր հիվանդներ շարունակեն ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա առաջնորդությամբ «Ալ Նաո» հիվանդանոցը դարձել է համայնքի փրկօղակը՝ մարմնավորելով տոկունություն, համերաշխություն եւ անդրդվելի նվիրվածություն՝ փրկելով մարդկանց կյանքն ամենածանր պայմաններում։ 

«Բժիշկ Էլթայեբը մերժում է անտարբերությունը՝ օրինակ դառնալով մյուսների համար: Նրա նվիրվածությունը մարդասիրական գործին դրսեւորվում է ոչ միայն կյանքեր փրկելով, այլեւ համայնքի հանդեպ հոգատարությամբ եւ Սուդանի ամենակործանարար հակամարտություններից մեկի ժամանակ մարդկանց արժանապատվությունը պահպանելու ձգտումով»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Քլինթոն» հիմնադրամի եւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնը։  

Մրցանակի շնորհման արարողությանն արժանին մատուցվեց նաեւ 2025 թ. «Ավրորայի» բացառիկ հերոսներ Սալի Բեքերին, բժիշկ Զուհայր Լահնային եւ բժիշկ Ջիլ Սիմանին։ Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ բարերարներ Գրասա Մաշելին, Մայքլ Միլքենին, Դեյվիդ Ռուբենսթայնին եւ Հենրիետա Հ. Ֆորին, որոնք մարմնավորում են «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» հիմնարար սկզբունքը։ 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն այս տարի նշում է գործունեության տասնամյակը, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ «Ավրորա»-ն լսելի է դարձնում նրանց ձայնը, ովքեր գործում են մարդասիրական ճգնաժամերի առաջնագծում, եւ անհրաժեշտ միջոցներ տրամադրում նրանց՝ իրենց ազդեցությունը բազմապատկելու համար՝ հիմնվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» սկզբունքի վրա։ Առաջնորդվելով այն համոզմունքով, որ մարդասիրության առանցքում մարդն է, իսկ մարդասիրությունը մեզնից յուրաքանչյուրի մեջ է՝ «Ավրորա»-ն ոգեշնչում է մարդկանց գործել խիզախությամբ եւ բարությամբ ամբողջ աշխարհում։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում