Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի նախագահ Քսենիա Կալդարային և հիմնադրամի գեղարվեստական մասի պատասխանատու Ալեքսանդրա Գեորգոպուլուին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին Հունաստանում Հայաստանի դեսպանության հետ 2024 թ.-ին «Փարաջանովյան օրեր», ինչպես նաև 2025 թ.-ին աշխարհում առաջին կին դիվանագետներից, Ճապոնիայում 1919-1921 թթ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարին նվիրված համատեղ միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար։
Դեսպանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում Հայաստանի և Հունաստանի միջև տարբեր մշակութային ուղղություններով ակտիվորեն ծավալված համագործակցությունը։
Կակոյանիս հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող մի շարք ծրագրեր և առաջարկել դեսպանությանը նոր համատեղ մշակութային բազմաշերտ միջոցառումներ անցկացնելու առաջարկություններ, որոնք դեսպան Մկրտչյանը երախտագիտորեն ողջունել է։