Բելգիայի վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի պատճառով
1 րոպեի ընթերցում

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը նոյեմբերի 6-ին հրավիրել է ազգային Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի պատճառով, որոնց հետևանքով նոյեմբերի 4-ին մոտ մեկ ժամով դադարել է երկրի բոլոր օդանավակայանների աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը որոշում է կայացրել հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 6-ին, հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ընդլայնված կազմով», - հաղորդել է մամուլի ծառայությունը՝ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի վերաբերյալ Բելգիայի նախարարների կաբինետի ուժային բլոկի նիստից հետո:
Նոյեմբերի 4-ին Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտնել էր, որ Նիդեռլանդների հետ սահմանին երրորդ գիշերն անընդմեջ նկատվել են ԱԹՍ-ներ։ Անօդաչուներ նկատելուց հետո Կլայնե-Բրոգելի ավիաբազա է ուղարկվել ուղղաթիռ, որից հետո անօդաչուները հեռացել են դեպի Նիդեռլանդներ։ Պաշտպանության նախարարը հայտնել էր, որ կատարվում է հետաքննություն՝ հավելելով, որ դա «հստակ առաքելություն էր, որը թիրախավորում էր Կլայնե-Բրոգելը»։