Լեհաստանում հայտարարել են սեփական «հակադրոնային պատ» ստեղծելու մասին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ազգային համակարգի գործարկմանը՝ անօդաչուների սպառնալիքներից երկրի օդային տարածքը պաշտպանելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։

«Լեհաստանը մտադիր է ստեղծել անօդաչուներին հակազդելու սեփական համակարգը՝ չսպասելով ԵՄ-ի նախաձեռնությանը», - ասել է Տոմչիկը, որի խոսքը մեջբերում են լեհական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ծրագիրը կգործարկվի առաջիկա ամիսներին, և լիարժեք շահագործման պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում։

Իր հերթին, Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Տոմա Ռենիեն հայտարարել է, որ տարվա ընթացքում Եվրամիությունը կկարողանա անօդաչու թռչող սարքերին հակազդելու համակարգ ստեղծել։

Հայերեն Русский