ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը Կիևում հանդիպել է Զելենսկուն

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Ես հայտնեցի, որ այս անիմաստ պատերազմը պետք է ավարտվի, և որ խաղաղությունը, որ ձեռք կբերվի նախագահ Թրամփի ջանքերի շնորհիվ, առաջ ընթանալու միակ հնարավոր ուղին է», - գրել է պաշտոնյան։ 

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ Ուիթաքերն առաջին անգամ է Ուկրաինայում։ Նա գլխավորում է Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակությունը։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն արդեն հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալի հետ։ Շմիհալը նշել է, որ ՆԱՏՕ-ում գործընկեր երկրների դեսպանների հետ հանդիպման հիմնական թեման եղել է Ուկրաինայի կարիքներն առաջիկա ձմռանը։ 

Ուիթաքերն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումները, ինչպես նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» արգելքը կարող են  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դրդել հաշտության բանակցությունների։

Հայերեն Русский