ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը Կիևում հանդիպել է Զելենսկուն
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Ես հայտնեցի, որ այս անիմաստ պատերազմը պետք է ավարտվի, և որ խաղաղությունը, որ ձեռք կբերվի նախագահ Թրամփի ջանքերի շնորհիվ, առաջ ընթանալու միակ հնարավոր ուղին է», - գրել է պաշտոնյան։
«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ Ուիթաքերն առաջին անգամ է Ուկրաինայում։ Նա գլխավորում է Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակությունը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն արդեն հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալի հետ։ Շմիհալը նշել է, որ ՆԱՏՕ-ում գործընկեր երկրների դեսպանների հետ հանդիպման հիմնական թեման եղել է Ուկրաինայի կարիքներն առաջիկա ձմռանը։
Ուիթաքերն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումները, ինչպես նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» արգելքը կարող են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դրդել հաշտության բանակցությունների։