Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիան դարձել է աշխարհի ամենաբարձր եկեղեցին
2 րոպեի ընթերցում

Սուրբ ընտանիքի տաճարը (Սագրադա Ֆամիլիա), որն իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ամենահայտնի ու ծավալային աշխատանքներից մեկն է, դարձել է աշխարհի ամենաբարձր եկեղեցին այն բանից հետո, երբ աշխատողները դրա կենտրոնական աշտարակի վրա են տեղադրել խաչի առաջին հատվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսպանական բազիլիկայի բարձրությունն այս պահին հասնում է 162,92 մետրի, իսկ առաջիկա ամիսներին խաչի մնացած հատվածի տեղադրումից հետո եկեղեցու Հիսուս Քրիստոսի կենտրոնական աշտարակի բարձրությունը կհասնի 172 մետրի։
Այսպիսով, Սուրբ ընտանիքի տաճարը վերցրել է ամենաբարձր եկեղեցու տիտղոսը Ուլմի տաճարից, որն այդ տիտղոսը կրել է 1890 թվականից ի վեր։
Սուրբ ընտանիքի տաճարի շինարարությունը սկսվել է 1882 թվականին. հաջորդ տարի դրա նախագիծն իր ձեռքն է վերցրել Անտոնիո Գաուդին՝ նախնական նախագիծը վերածելով ավելի հավակնոտ ծրագրի։ 1926 թվականին Գաուդիի անսպասելի մահվան պահին կառուցվել էր նրա նախատեսած 18 աշտարակներից միայն մեկը։
Հաջորդ տարիներին եկեղեցու կառուցումն իրականացվել է Սագրադա Ֆամիլիա հիմնադրամի կողմից, որը ֆինանսավորվում է զբոսաշրջիկների, այցելուների և մասնավոր դոնորների տրամադրած գումարով։
Սեպտեմբերին Սագրադա Ֆամիլիայի գլխավոր տնօրենը The Associated Press-ին հայտնել էր, որ Հիսուս Քրիստոսի աշտարակի կառուցումը կավարտվի 2026 թվականին՝ համընկնելով Գաուդիի մահվան 100-ամյակի հետ։
Դեկորատիվ տարրերի, քանդակների և շենքի գլխավոր մուտք տանող աստիճանի վրա աշխատանքները կշարունակվեն դեռ տասը տարի։