Հայկավան բնակավայրում կառուցվում է բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում կառուցվում է բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, որը շուտով կհամալրվի մարզասարքերով, տարբեր տարիքային խմբերի համար առանձնացված հանգստի ու ժամանցի տաղավարներով: Աշխատանքներն իրականացվում են «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, հանրային քննարկման, քաղաքացիների որոշման արդյունքում «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակում հայկավանցիներն իրենք էին որոշել ինչ են ուզում, ինչու են ուզում: Հայկավանում երեխաների, երիտասարդների ակտիվ հանգստի և ժամանցի անցկացման համար նախատեսված վայրեր չկային, ինչն անհարմարություններ և լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր առաջացնում՝ երեխաներին Գյումրիի մարզասրահներ տանելու համար: Բացի այդ, երեխաները խաղում էին դրա համար չնախատեսված բաց՝ վտանգավոր վայրերում: Կառուցվող խաղահրապարակը կլուծի նշված բոլոր խնդիրները:
Մասնակցային բյուջետավորում ծրագրի հաջող անցկացման արդյունքում մինչև տարեվերջ Ախուրյան համայնքի 4 բնակավայրում՝ Ջրառատում, Արևիկում, Հայկավանում և Առափիում կունենան նորակառույց ժամանցի և մարզական կենտրոններ: