Ինչ հարցեր են քննարկվելու Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովում. Փաշինյանն ու Միրզոյանը բանախոսների թվում են
2 րոպեի ընթերցում

Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս տարի կանցկացվի «Նոր կոալիցիաներ՝ հանուն խաղաղության, մարդկանց և մոլորակի» խորագրով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-30-ը Փարիզի Շոյա պալատում անցկացվող համաժողովում կքննարկվեն աշխարհաքաղաքական լարվածության, հակամարտությունների և դրանց կարգավորման ուղիների, տեխնոլոգիաների, տնտեսական և սոցիալական զարգացման, կլիմայի, շրջակա միջավայրի պահպանման և օգտակար հանածոների վերաբերյալ թեմաներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Տեղեկատվական ամբողջականության և անկախ լրատվամիջոցների հարցերով միջազգային բարձր մակարդակի քննարկմանը և «Առաջնորդությունը՝ խաչմերուկում. մասնատված աշխարհում ուժի և կայունության որոնում» բանախոսությանը:
Տեղեկատվական ամբողջականության և անկախ լրատվամիջոցների հարցերով միջազգային բարձր մակարդակի քննարկմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գանայի նախագահ Ջոն Դրամանի Մահաման, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլեյը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն և աշխարհի տարբեր երկրների ու խոշոր միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: