Ռոբերտ Ֆլոյդն ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և երիտասարդ դիվանագետների համար հանդես է եկել բանախոսությամբ
2 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջուկային փորձարկումերի համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդը հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և երիտասարդ դիվանագետների համար հանդես է եկել բանախոսությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Շնորհակալություն հայտնելով գործադիր քարտուղար Ֆլոյդին բանախոսությամբ հանդես գալու պատրաստակամության համար՝ Դավիթ Կարապետյանը շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ընդգծել Միջուկային փորձարկումերի համապարփակ արգելման պայմանագրի անկյունաքարային դերը միջազգային զինաթափման և չտարածման գործընթացներում:
Դասախոսության շրջանակներում Ռոբերտ Ֆլոյդը մասնակիցներին է ներկայացրել Կազմակերպության գործունեությունը, վերջինիս նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ միջազգային ջանքերը, առկա մարտահրավերները և հնարավորությունները: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մոնիթորինգային համակարգի կարևորությունը և դրանում Հայաստանի մասնակցությունը:
Բանախոսությանը հաջորդել են հարցուպատասխան և արդյունավետ քննարկումներ մասնակիցների հետ: