Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրը Անահիտ Ավանեսյանը հորդորել է կանխել հիվանդությունը՝ հետևելով կենսակերպին
2 րոպեի ընթերցում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 29-ին՝ գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրը, ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այն ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից մեկն է, սակայն դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ցավոք, այս հիվանդության պատճառով մահացությունը և հաշմանդամությունն անխուսափելի են, եթե ճիշտ ժամանակին չտրամադրվի անհրաժեշտ բուժօգնությունը: Այդ պատճառով նախարարությունը ամեն տարի ընդլայնում է անհրաժեշտ ծառայությունները պետական պատվերի շրջանակում:
«Ծրագրի ներդրումից մինչև այս տարվա սեպտեմբեր 4113 քաղաքացի օգտվել է ծրագրից, որի համար պետական բյուջեից հատկացվել է 8.6 մլրդ դրամ:
Սիրելի´ քաղաքացիներ, կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել` ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա` զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր ինդեքս, արյան մեջ գլյուկոզի և խոլեսթերինի բարձր մակարդակ, նախասրտերի շողացող առիթմիա, ծխել, ոչ ճիշտ սննդակարգ և ցածր ֆիզիկական ակտիվություն»,-գրել է Ավանեսյանը:
Նախարարը նշել է, որ Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի, ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի ԲԿ-ում, հաջորդը` Գորիսն է:
«Հետևողական լինենք մեր և մեր հարազատների կենսակերպի հանդեպ և, ճանաչելով ախտանշանները, արագ արձագանքենք»,-եզրափակել է նախարարը: