Բրիտանիան ապաստան հայցողներին կտեղավորի ռազմական օբյեկտներում՝ հյուրանոցների փոխարեն
1 րոպեի ընթերցում

Հարյուրավոր փախստականներ, որոնք ապաստան են խնդրում Մեծ Բրիտանիայում, կարող են տեղավորվել ռազմական օբյեկտներում, ոչ թե հյուրանոցներում, ինչպես արվում է այժմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times պարբերականը։
Քննարկումներ են ընթանում 900 ներգաղթյալի տեղավորելու համար երկու ռազմական օբյեկտների օգտագործման շուրջ, որոնցից մեկը Շոտլանդիայում է, մյուսը՝ Անգլիայի հարավում։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է մինչև հաջորդ ընտրություններն այլևս չօգտագործել հյուրանոցները միգրանտներին ապաստան տրամադրելու համար, քանի որ դրանք միլիոնավոր ֆունտ ստեռլինգ են արժեցել և դարձել ներգաղթյալների դեմ ցույցերի առիթներից մեկը։
Իր հերթին, BBC-ն նշում է, որ փախստականների տեղավորման համար դիտարկվում են նաև արդյունաբերական օբյեկտները և այլևս չօգտագործվող կացարանները։ Կառավարության աղբյուրները BBC-ին հայտնել են, որ բոլոր օբյեկտները կհամապատասխանեն առողջապահության և անվտանգության չափանիշներին։
Ներկայում հյուրանոցներում է տեղավորվել շուրջ 32 000 ապաստան հայցող, ինչը 2024 թվականի համեմատ 2500-ով ավելի է։ 2023 թվականին այդ թիվը գերազանցում էր 56 000-ը։