Լեհաստանում օտարերկրյա ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով երկու ուկրաինացի է ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալությունը և Ռազմական հակահետախուզության ծառայությունը Կատովիցե քաղաքում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացի մեկ տղամարդու և մեկ կնոջ, ովքեր մեղադրվում են օտարերկրյա հետախուզական ծառայության օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է հետախուզության հարցերով նախարարի մամուլի քարտուղար Յացեկ Դոբժինսկին։
«Տղամարդը և կինը, համապատասխանաբար 32 և 34 տարեկան, իրականացրել են հետախուզական հանձնարարություններ, այդ թվում՝ Լեհաստանի ռազմական ներուժի բացահայտման և կարևորագույն ենթակառուցվածքների գաղտնի հսկողության սարքերի տեղադրման հետ կապված», - գրել է Դոբժինսկին։
Նա հայտնել է, որ հավաքագրված տեղեկատվությունը վերաբերում է լեհ զինվորական անձնակազմին և երկրում գտնվող կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներին, այդ թվում՝ Ուկրաինային լոգիստիկ և ռազմական աջակցություն ցուցաբերող տրանսպորտային հանգույցներին: Դոբժինսկին նշել է, որ դատարանի որոշմամբ երկու կասկածյալներն էլ երեք ամիս կպահվեն կալանքի տակ: