Սոցիալական հարցեր

Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր. Փաշինյանը մատնանշեց պատճառը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր. Փաշինյանը մատնանշեց պատճառը

Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր, վերջին տվյալներով` 23 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:   

«Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր, վերջին տվյալներով` 23 տոկոս: Այստեղ կոնֆլիկտ կա. մենք ցույց ենք տալիս տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում: Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին: Իմ համոզմամբ՝ դրա պատճառը ավերակ դպրոցներն են, այն, որ հանրապետության երեխաների մի զգալի մասը զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից: Ուրիշ պատճառ չկա: Ինչպես է ստացվում, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարող են արտերկրից գալ Հայաստան, աշխատել: Բոլոր հիմնարկները խնդրում, աղաչում են, աշխատող են փնտրում և չեն գտնում: Մի կողմից բարձր վճարման սեգմենտներում աշխատողների մեծ պահանջարկ կա, մյուս կողմից՝ աղքատության այս երևույթը»,-ասաց Փաշինյանը: 

Նա շեշտեց՝ դրա պատճառն այն է, որ տասնամյակներով Հայաստանի երեխաները դպրոց չեն ունեցել: Իսկ հիմա այդ երեխաները մեծացել են, հասուն մարդիկ են և պետք է վաստակեն:  

«Բայց ինչո՞վ վաստակեն, ո՞ր գիտելիքով, որտե՞ղ ստացած գիտելիքով»,-հարցրեց  վարչապետը: 

Վարչապետը դա նաև կապում է նրա հետ, որ նախորդ իշխանությունների ժամանակ բարձրագույն կրթական համակարգի որակը գահավիժել է, բուհերը եղել են կոռուպցիայի և քաղաքական հարկադրանքի միջոցներ: Ըստ նրա՝ այսօրվա աղքատությունը դրա արդյունքն է:  

«Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի հմտությունների ու գիտելիքների մի որոշակի գծից թեկուզ մի քիչ ավելի պաշար, հեշտությամբ կարող է հաղթահարել աղքատությունը: Աղքատությունը հաղթահարում են աշխատանքով, աղքատություն հաղթահարելու ուրիշ տարբերակ չկա: Իսկ որպեսզի աշխատանքը բերի աղքատության հաղթահարման, այդ աշխատանքը պետք է լինի որակավորված»,-նշեց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում