Քաղաքականություն

Պուտինն ասաց, որ բոլորը փորձում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնել, բայց դա միայն ինձ հաջողվեց․ Թրամփ

3 րոպեի ընթերցում

Պուտինն ասաց, որ բոլորը փորձում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնել, բայց դա միայն ինձ հաջողվեց․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր նոր հանդիպման մասին լրագրողի հարցին՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ չի պատրաստվում վատնել իր ժամանակը։ 

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն հիասթափված է, քանի որ կարծում էր, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը շատ ավելի վաղ էր լինելու, քան խաղաղությունը Մերձավոր Արևելքում։ Այս համատեքստում Թրամփը հիշել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում իր միջնորդությամբ և ներկայացրել է, թե ինչ է դրա մասին իրեն ասել ՌԴ նախագահը։ 

«Մենք ունենք Հայաստան և Ադրբեջան։ Դա շատ բարդ էր։ Փաստացի Պուտինը իմ հետ հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, որ «դա հրաշալի է, քանի որ բոլորը փորձում էին դրան հասնել, բայց չկարողացան, իսկ դու կարողացար»։ Ինձ դա հաջողվեց»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ 

Դոնալդ Թրամփը հիշեցրել է նաև իր միջնորդությամբ այլ հակամարտությունների դադարեցման մասին՝ շեշտելով, որ բոլոր այդ դեպքերում ինքը մտածել է, որ դրանք ավելի բարդ է ավարտելը, քան հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ «Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Նրանց միջև կուտակված շատ ատելություն կա։ Պուտինի և Զելենսկիի միջև շատ մեծ ատելություն կա միմյանց նկատմամբ»,- ասել է Թրամփը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հռչակագիր ստորագրեցին, որի տակ որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահը։ Վաշինգտոնի գագաթնաժողովի  ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ նամակը՝ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում