Հայաստան

Ապաստանի և միգրացիայի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել Հայաստանը․ ՆԳՆ-ում տեղի է ունեցել տեղեկատվական քննարկում

3 րոպեի ընթերցում

Ապաստանի և միգրացիայի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել Հայաստանը․ ՆԳՆ-ում տեղի է ունեցել տեղեկատվական քննարկում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ՝ հոկտեմբերի 23-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները մասնակցել են Եվրամիության միգրացիայի և ապաստանի մասին պակտի վերաբերյալ տեղեկատվական քննարկմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ քննարկմանը մասնակցել է նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ միջազգային հարթակում ապաստանի և միգրացիայի ոլորտում տեղի ունեցող ինտենսիվ փոփոխությունները չեն կարող շրջանցել նաև Հայաստանը, որն այսօր հանդես է գալիս թե՛ որպես ընդունող, և թե՛ որպես ծագման երկիր։ 

ԵՄ միգրացիայի և ներքին գործերի տնօրինության ապաստանի բաժնի պատասխանատու Դեյվիդ Պրպան ներկայացրել է պակտի հիմնական դրույթները, սկզբունքներն ու գործիքակազմը։ Նշվել է, որ փաստաթուղթը գործարկվելու է 2026 թվականի երկրորդ կեսին։ 

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն իր խոսքում նշել է, որ պակտի քննարկումը միգրացիայի միջազգային գործընթացներին առնչվելու հնարավորություն է, ինչը հատկապես կարևոր է անկանոն հոսքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում։ 

Քննարկվել են ապաստանի ազգային օրենսդրությանը և նախատեսվող փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր։ 

Նոր փաստաթուղթը նախատեսում է մի շարք կարևոր փոփոխություններ, այդ թվում՝ ձեռքով կատարվող աշխատանքների կրճատում, տվյալների թափանցիկության բարձրացում, տվյալների ինքնաշխատ ստուգման գործառույթների ներդրում և այլ նորարարական լուծումներ։ 

Ծառայության աշխատակիցները ներկայացրել են ՀՀ-ում ապաստանի ընթացակարգերը, այդ թվում՝ դիմումների քննության գործընթաց, գործընկեր կառույցների հետ համագործակցության ձևաչափեր, առկա մարտահրավերներ և դրանց հաղթահարման ուղիներ։ 

Հաղորդվում է, որ քննարկման մասնակիցները վերահաստատել են Հայաստանում միգրացիայի և ապաստանի համակարգերի շարունակական բարելավմանը ուղղությամբ իրենց պատրաստակամությունը. ծավալվել է ակտիվ քննարկում: 

ՆԳՆ փոխանցմամբ՝ հանդիպումը կազմակերպվել է «Հայաստանում միգրացիայի և ապաստանի արդյունավետ կառավարման քաղաքականության շրջանակի և կարողությունների բարելավում» նախագծի շրջանակում՝ Եվրամիության կողմից համաֆինանսավորվող՝ Հայաստանում UNHCRArmenia/ՄԱԿ-ի Փախստականների  հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում