Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

3 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկա է գտնվել նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին, որի ընթացքում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն։

Առաջարկվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի թեկնածությունը։ Բաց քվեարկությամբ նա միաձայն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին և մաղթել արդյունավետ աշխատանք. 

«Ինձ համար մեծ պատիվ է այս հարազատ մթնոլորտում ղեկավարել հոգաբարձուների խորհուրդը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առավել դինամիկ զարգացման փուլ է թևակոխել, ինչն արձանագրում են նաև բուհի հետ առնչվող պետական բոլոր գերատեսչությունները։ Մեր միասնական աշխատանքով փորձելու ենք աջակցել և բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այդ զարգացումը դառնա ավելի արագ և շոշափելի»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և վարել նոր կազմով խորհրդի անդրանիկ նիստը։

Հաջորդիվ բաց քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար միաձայն ընտրվել է դիզայնի ֆակուլտետի փոխդեկան Տաթևիկ Փայտյանը։

ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը շնորհավորել է խորհրդի նորանշանակ նախագահին և բոլոր անդամներին. 

«Շնորհակալություն եմ հայտնում մշտապես համալսարանի կողքին լինելու համար։ Ձեր աջակցությամբ մենք կայացրել ենք ճիշտ և հեռատես որոշումներ»։

Օրակարգի հաջորդ հարցով ՃՇՀԱՀ ռեկտորը խորհրդի հաստատմանն է ներկայացրել համալսարանի նոր կառուցվածքն ու հաստիքացուցակը, որն արդեն արժանացել է գիտական խորհրդի հավանությանը՝ ընդգծելով, որ հաստատման դեպքում այն կգործի 2026 թվականի հունվարից։

Նիստում քննարկվել են նաև համալսարանում իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները, որոնք միտված են կրթական և գիտական միջավայրի շարունակական զարգացմանը։

Հայերեն

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2026