Էկզոմոլորակների հետազոտությունների ոլորտն ահռելի առաջընթաց է ապրել վերջին երեք տասնամյակների ընթացքում. իսպանացի գիտնական
8 րոպեի ընթերցում
Երկարամյա հետազոտությունների ընթացքում մարդկությանը դեռևս չի հաջողվել բանական կյանքի հետքեր հայտնաբերել տիեզերքում: Դա, իհարկե, չի նշանակում, որ անթիվ-անհամար գալակտիկաների հեռավոր աստղերի ուղեծրերում չկան մոլորակներ, որոնց վրա, ինչպեսև Երկրի, կյանքը եռում է: Այլ հարց է, թե ե՞րբ և ինչպիսի՞ն կլինի քաղաքակրթությունների հնարավոր հանդիպումը և ինչի՞ դա կհանգեցնի: Մարդկությանը հավերժ հետաքրքրող այս հարցերի վերաբերյալ
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է վերջերս Երևանում անցկացված «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովին մասնակցած իսպանացի ճանաչված գիտնական և հետազոտող Խուան Անտոնիո Բելմոնտե Ավիլեսի հետ:
Գիտական բազմաթիվ բարձրագույն կոչումներ ունեցող 63-ամյա աստղաֆիզիկոսի հետազոտությունների շրջանակը չի սահմանափակվում միայն տիեզերքով՝ ընդգրկում է նաև հնաաստղագիտությունը և նույնիսկ եգիպտական հիերոգլիֆների ուսումնասիրությունը: Նա շուրջ 15 գիրք և ավելի քան 200 հոդված է գրել այդ թեմաներով, ինչպես նաև Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների, աստղերի ֆիզիկայի, մշակութային աստղագիտության և այլ ոլորտների վերաբերյալ: 2005-2011 թվականներին եղել է Մշակութային աստղագիտության եվրոպական ընկերության (SEAC) նախագահը: Ներկայում «Journal for the History of Astronomy» հանդեսի փոխմբագիրն է, ինչպես նաև «Archaeoastronomy: the Journal for Astronomy in Culture» ամսագրի համախմբագիրը:
- Երևանյան գիտաժողովում Ձեր զեկույցի թեման էր «Աստղագիտություն և համաշխարհային ժառանգություն. իբերիական մոդելը»: Ինչո՞ւ էիք որոշել անդրադառնալ հենց այս հարցին և ինչպե՞ս է այն առնչվում Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը:
- Թեման ընտրել էի գիտաժողովի կազմակերպիչների առաջարկով, քանի որ այն նույնպես վերաբերում է աստղագիտական ժառանգությանը: Երբ քննարկման ժամանակ հայտնեցի, որ չեմ կարող խոսել Մերձավոր Արևելքի մասին, ինձ առաջարկեցին ներկայացնել Իսպանիայի աստղագիտական ժառանգության բացահայտմանն ուղղված մեր աշխատանքները: Այսպիսով, պատմեցի Իբերիական թերակղզու, Բալեարյան և Կանարյան կղզիների տարբեր վայրերում գտնվող հուշարձանները Համաշխարհային ժառանգության օբյեկտներ ճանաչելու նախաձեռնությունների մասին:
Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչվելու համար հուշարձանները պետք է համապատասխանեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած չափանիշներին: Իմ ներկայացրած օբյեկտները սկզբունքորեն համապատասխանում են այդ չափանիշների մի մասին։ Օրինակ, մշակութային և լանդշաֆտային օբյեկտ հայտարարված Գրան Կանարիա կղզու զգալի մասում կան աստղագիտությանն առնչվող հնավայրեր: Սա կարևոր է տեղանքի ընդհանուր գրավչության և Համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչելու առումով: Կամ Բալեարյան կղզիներից մեկում՝ Մենորկայում գտնվել է Թալայոտյան մշակույթի հուշարձանների մեծ շարք՝ մեգալիթներ, որոնք ունեցել են ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքացիական նշանակություն։ Կան նաև թաուլներ (T-աձև սյուներ - խմբագրություն), որոնք նույնպես կապ ունեն աստղագիտության հետ: Այդ հանգամանքը կարևոր էր հնագույն այս մշակույթը հասկանալու, գնահատելու և Համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչելու համար:
Վերջին անգամ այդ ծրագրին մասնակցել եմ 2023 թվականին։ Հիմա ավելի շատ զբաղվում եմ հետազոտություններով։
- Հետազոտություններ եք կատարում նաև էկզոմոլորակագիտության, աստղային ֆիզիկայի և հնագիտական աստղագիտության ոլորտներում: Ինչպե՞ս եք գնահատում տիեզերքում բանական կյանքի դրսևորումներ հայտնաբերելու հնարավորությունները:
- Էկզոմոլորակների հետազոտությունների ոլորտն ահռելի առաջընթաց է ապրել վերջին երեք տասնամյակների ընթացքում: Մասնավորապես, ուսումնասիրվել են դրանց բնակելի լինելու, որոշ դեպքերում՝ այնտեղ լիարժեք կյանքի գոյության հնարավորությունը և աստղակենսաբանությանն առնչվող հարցեր:
Ի՞նչ ազդանշաններից կարող ենք որոշել՝ տվյալ մոլորակի վրա կա՞ կյանք, թե՞ այն բացակայում է. հիմնական հարցը նրանում է, որ մեզ առայժմ չի հաջողվել հայտնաբերել Երկիր 2.0-ը, այսինքն՝ մոլորակ, որի պարագայում վստահաբար կարող ենք խոսել կյանքի առկայության մասին։
Մենք ունենք գործիքներ, որոնք թույլ են տալիս կյանք ձևավորել այլ մոլորակներում, երբ հասնենք այնտեղ և կատարենք անհրաժեշտ դիտարկումներ: Բայց առայժմ դա տեղի չի ունեցել։
- Այսինքն, տեսանելի ապագայում արտաերկրային քաղաքակրթություններին մարդկության հանդիպելու հավանականությունը մեծ չէ՞:
- Ես միշտ սիրում եմ հիշատակել ամերիկացի աստղագետ և աստղաֆիզիկոս Կարլ Սագանին, որը մի առիթով ասել է. «Եթե պարզվի, որ երկրագնդի սահմաններից դուրս կյանք չկա, ապա պատկերացրեք, թե որքան հսկայական տարածություն է մնում անօգուտ»։
- Տեսակետներ կան, որ հնագույն ժամանակներում մարդիկ շփում են ունեցել այլմոլորակային քաղաքակրթությունների հետ: Տարբեր մշակույթներում նույնիսկ առասպելներ կան երկնքից իջած աստվածների մասին: Ձեր կարծիքով, դրանք գեղեցիկ հորինվածքնե՞ր են, թե՞ կարող են իրական հիմք ունենալ: Արխեոաստղագիտությունը ի՞նչ տվյալներ ունի դրա վերաբերյալ:
- Դա պնդելու գիտական որևէ հիմք չկա: Մարդիկ երբեմն դիցաբանական արարածներին շփոթում են այլմոլորակայինների հետ։ Օրինակ, քրիստոնյաներին կոչ են անում հավատալ հրեշտակներին: Հրեշտակը դիցաբանական արարած է: Բայց, իհարկե, կան մարդիկ, որոնք պնդում են, որ հրեշտակներն այլմոլորակային էակներ են: Իրականում որևէ ապացույց չկա, որ այլ աշխարհներից երբևէ այցելողներ են եղել Երկիր:
Եվ հետո. եթե մենք դեռ չենք կարողանում բանական կյանք հայտնաբերել այլ մոլորակներում, ապա ինչո՞ւ որևէ մեկը պետք է մեզ հայտնաբերի:
- Կցանկանայի՞ք, որ հայտնաբերեն:
- Հայտնի է, որ շատ հզոր և տեխնոլոգիական ամենացածր մակարդակին գտնվող քաղաքակրթությունների հանդիպումը, որպես կանոն, վատ է ավարտվում վերջինների համար:
Կարծում եմ, ճիշտ չեն բարի ու գեղեցիկ այլմոլորակայինների մասին կարծիքները: Եթե ընդունենք, որ տվյալ մոլորակում կենսաբանությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին տիեզերքի ցանկացած այլ վայրում, ապա կյանքի դրսևորման վարքագիծն էլ չպետք է շատ տարբերվի: Նմանապես այնտեղ պետք է գործեն նաև էվոլյուցիայի տեսության օրենքները: Այդ օրենքն ասում է, որ միշտ գոյատևում է ամենաուժեղը: Այնպես որ, այդ առումով վստահ չեմ, որ կցանկանայի, որպեսզի այլմոլորակային քաղաքակրթությունը հայտնաբերի ինձ:
- Երևանյան գիտաժողովը որքանո՞վ արդարացրեց Ձեր սպասելիքները:
- Ինձ հատկապես դուր եկավ այլ երկրների գործընկերների հետ շփվելու հնարավորությունը: Աստղագիտության և մշակույթի Եվրոպական միության համաժողովների մասնակիցների մեծամասնությունը Եվրոպայից են: Հյուսիսային Ամերիկայում անցկացվող համաժողովներում սովորաբար գերակշռում են այդ աշխարհամասի ներկայացուցիչները, ինչպես նաև բրիտանացիները, ավստրալացիները և այլն: Առաջին անգամ մասնակցեցի համաժողովի, որտեղ շատ մասնակիցներ կային Մերձավոր Արևելքի երկրներից: Ուրախ էի հանդիպելու Հայաստանի, Իրանի, Եգիպտոսի, Թուրքիայի և այլ երկրների գործընկերներիս, որոնք ներկայացրեցին այնպիսի աշխատանքներ, որոնց գոյության մասին երբեք չէի մտածել: