Իրավունք

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը կալանավորվել է Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով

4 րոպեի ընթերցում

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը կալանավորվել է Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է «Մեր ձևով» շարժման անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործի շրջանակներում։ 

Հոկտեմբերի 20-ին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ էր իրականացնում Գյումրիի համայնքապետարանում, համայնքապետարանի հարակից տարածքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ ի աջակցություն Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի։ Ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ ոստիկանների և Վարդան Ղուկասյանի աջակիցների միջև, ինչից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ընդհանուր առմամբ բերման էր ենթարկվել 37 անձ, որոնցից 19-ի, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ հետագայում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։ 

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել: Մասնավորապես՝ վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։

19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը): 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում