Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանն առաջիկայում կբացվի

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանն առաջիկայում կբացվի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ծավալված դրական երկխոսությունը հույս է տալիս, որ երկու երկրների միջև սահմանն առաջիկայում կարող է բացվել։    

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովում ունեցած ելույթում՝ անդրադարձ կատարելով Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։

«Հայաստանի ու Թուրքիայի միջև ծավալված դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կողմերն առաջիկայում կարող են բացել սահմանները։ Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի  և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Համոզված եմ և վստահ եղեք՛, որ այս տեխնիկական հարցերը ևս 2-3 տարվա ընթացքում կլուծվեն»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն, կապահովվի նաև երկաթուղային և ավտոտրանսպորտային կապը։

«Այս ամենը քննարկման մեջ է TRIPP ծրագրի շրջանակներում, նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,-ասաց վարչապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում