Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի գույք ու դրամական միջոց. հայցապահանջը մասնակի բավարարվել է
3 րոպեի ընթերցում
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,2 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց. «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է:
«Գլխավոր դատախազության կողմից 2022 թվականի հունիսի 28-ին դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում՝ ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց:
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն հետևյալ գույքերը՝
- Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մաշտոցի փողոցում գտնվող տարածքը
- Վաղարշապատ համայնքի Ալավերդյան փողոցում գտնվող բնակելի տունը
- Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող կիսակառույց բնակելի տունը
- Վաղարշապատ համայնքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող բնակելի տունը
- Վաղարշապատ համայնքի Անդրանիկ թաղամասում գտնվող բնակելի տունը
- Վաղարշապատ համայնքի Չարենց 1-ին թաղամասում գտնվող բնակելի տունը
- Վաղարշապատ համայնքի Ա.Մանուկյան թաղամասում գտնվող կիսակառույց բնակելի տունը
- Արմավիրի մարզի Արշալույս բնակավայրի 17 փողոցում գտնվող հողամասը
- Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայում գտնվող հասարակական կառուցապատման հողամասը
- MAYBACH մակնիշի ավտոմեքենան
- TOYOTA LC 200 4.0 մակնիշի ավտոմեքենան, GAZ 22 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24-02 մակնիշի ավտոմեքենան և MOSKVICH 407 մակնիշի ավտոմեքենան
- Գինու, կոնյակի գործարանին տրված 254 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը
- Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 33 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը
- Երկու բանկերում առկա շուրջ 9 հազար ԱՄՆ դոլարի ավանդը
- Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 14 միլիոն 592 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը
- Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին տրված 4 միլիոն 777 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15,9456% բաժնեմասը
- Բանկում առկա 14 միլիոն 715 հազար դրամի և 300 ԱՄՆ դոլարի ավանդները
- 224 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս
- 14 միլիոն 654 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
Հայցադիմումի մերժված մասով Գլխավոր դատախազությունը կներկայացնի վերաքննիչ բողոք: