Իրավունք

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի գույք ու դրամական միջոց. հայցապահանջը մասնակի բավարարվել է

3 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի գույք ու դրամական միջոց. հայցապահանջը մասնակի բավարարվել է

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,2 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց. «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է:

«Գլխավոր դատախազության կողմից 2022 թվականի հունիսի 28-ին դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում՝ ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

Մասնավորապես, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն հետևյալ գույքերը՝

  1. Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մաշտոցի փողոցում գտնվող տարածքը
  2. Վաղարշապատ համայնքի Ալավերդյան փողոցում գտնվող բնակելի տունը
  3. Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող կիսակառույց բնակելի տունը
  4. Վաղարշապատ համայնքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող բնակելի տունը
  5. Վաղարշապատ համայնքի Անդրանիկ թաղամասում գտնվող բնակելի տունը
  6. Վաղարշապատ համայնքի Չարենց 1-ին թաղամասում գտնվող բնակելի տունը
  7. Վաղարշապատ համայնքի Ա.Մանուկյան թաղամասում գտնվող կիսակառույց բնակելի տունը
  8. Արմավիրի մարզի Արշալույս բնակավայրի 17 փողոցում գտնվող հողամասը
  9. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայում գտնվող հասարակական կառուցապատման հողամասը
  10. MAYBACH մակնիշի ավտոմեքենան
  11. TOYOTA LC 200 4.0 մակնիշի ավտոմեքենան, GAZ 22 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24-02 մակնիշի ավտոմեքենան և MOSKVICH 407 մակնիշի ավտոմեքենան
  12. Գինու, կոնյակի գործարանին տրված 254 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը
  13. Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 33 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը
  14. Երկու բանկերում առկա շուրջ 9 հազար ԱՄՆ դոլարի ավանդը
  15. Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 14 միլիոն 592 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը
  16. Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին տրված 4 միլիոն 777 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը
  17. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15,9456% բաժնեմասը
  18. Բանկում առկա 14 միլիոն 715 հազար դրամի և 300 ԱՄՆ դոլարի ավանդները
  19. 224 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս
  20. 14 միլիոն 654 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ: 

Հայցադիմումի մերժված մասով Գլխավոր դատախազությունը կներկայացնի վերաքննիչ բողոք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում