Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները վերադարձել են Ջաջուռ՝ նրա տուն-թանգարան

4 րոպեի ընթերցում

Գյումրուց 15 տարի առաջ տեղափոխված Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները՝ «Հանդիպում» և «Խաչքարի մոտ», Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 1 շենքի երկրորդ հարկի նիստերի դահլիճից տեղափոխվել են Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել որմնանկարների պաշտոնական ներկայացումը թանգարանում, ինչպես նաև՝ թանգարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը։

2023-2025 թվականների ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը պետական ֆինանսավորմամբ և մասնավոր աջակիցների ներգրավմամբ իրականացրել է Մինաս Ավետիսյանի թանգարանի վերանորոգում և արդիականացում։ Թարմացվել են ցուցասրահները, լուսային ու մոնտաժման համակարգերը, տեղադրվել է արևային ինքնավար կայան, վերականգնվել ու ամրացվել են ցուցանմուշները։ Պատրաստվել են նոր շրջանակներ, վերանայվել է մշտական ցուցադրությունը։

2025 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ թանգարանը համալրվել է Մինաս Ավետիսյանի երկու արժեքավոր որմնանկարներով։ Դրանք ապամոնտաժվել են կառավարության շենքից և տեղափոխվել Ջաջուռ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մինաս Ավետիսյանի թանգարան. Մինաս Ավետիսյանը «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները ստեղծել է 1973 թվականին Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի շենքում։ Շենքի վթարային վիճակի պատճառով 2010 թվականին որմնանկարները տեղափոխվել էին Երևան՝ ՀՀ կառավարության շենք։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը շեշտեց, որ սա բացառիկ նախադեպ է ոչ միայն պահպանման, այլև հանրահռչակման տեսանկյունից։

«Որմնանկարները վերադառնում են տուն։ Սա շատ կարևոր նախադեպ է՝ թե՛ պահպանության, թե՛ հանրահռչակման առումով։ Իսկ ամենակարևորն ու խորհրդանշականն այն է, որ  այս որմնանկարների իրական տեղն ու տունը հենց այստեղ է՝ թանգարանում։ Այնտեղ, որտեղ արվեստագետի նկարներն են, այնտեղ էլ նրա հոգին է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Մարինա Հակոբյանը։

Նկարչի որդին՝ թանգարանի վարիչ Արման Ավետիսյանը, վստահ է, որ սա տեղին և ճիշտ որոշում է։ «Կարծում եմ՝ սա կառավարության կողմից շատ ճիշտ քայլ էր, ինչի համար շնորհակալ ենք։ Թանգարանի վերանորոգման շնորհիվ որմնանկարներն այլևս վտանգի տակ չեն հայտնվի Ջաջուռում»,- նշեց Արման Ավետիսյանը։

Թանգարանի վերաբացման օրը փոքրիկ ապագա նկարիչները ստեղծագործում էին թանգարանի բակում, իսկ տոնական մթնոլորտը լրացնում էր Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումը։

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին Ջաջուռում։ Այստեղ է ծնվել և ապրել նկարիչը։ 1988-ի երկրաշարժից հետո շենքը ավերվել էր, սակայն 2003 թվականին թանգարանը վերաբացվել է վերակառուցումից հետո՝ ներառելով նաև Մինաս Ավետիսյանի երևանյան արվեստանոցի հավաքածուն, որը 1979 թվականից հանդիսանում է Ազգային պատկերասրահի մասնաճյուղ։

Ցուցասրահներում այժմ ներկայացված են նկարչի շուրջ 30 կտավ, անձնական իրեր, ինչպես նաև արվեստանոցից բերված աշխատանքներ, որոնք Ջաջուռի թանգարանը դարձնում են Մինաս Ավետիսյանի գործերի ամենամեծ հավաքածուն։

Հայերեն Русский