Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնությունը

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կամպալայում Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ 

«Հայաստանը շարունակաբար  ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների համար հարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն կարող է երաշխավորվել միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությամբ, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղ համակեցության առավելություններից: Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի վաղեմի աջակից՝ Հայաստանը 2024թ. հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին և սատարել դրա եզրափակիչ փաստաթուղթը՝ Նյու Յորքի հռչակագիրը: Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը: Եվ որ ամենակարևորն է`  բանակցությունները պետք է շարունակեն լինել միակ գործնական ուղին՝ Մերձավոր Արևելքում երկու պետություն սկզբունքի հիման վրա արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու համար»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում