Ռուսաստանը և Մարոկկոն ակնկալում են, որ Գազայի շուրջ պայմանավորվածությունները կիրականացվեն
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Մարոկկոն ողջունում են պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման առաջին փուլը՝ ակնկալելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները խստորեն կիրականացվեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Մարոկկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտայի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։
«Մենք ողջունել ենք տեղում իրավիճակի, մասնավորապես՝ պաղեստինյան տարածքներում, մասնավորապես՝ Գազայի հատվածում ի հայտ եկող դրական փոփոխությունները և գոհունակություն ենք հայտնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի առաջին փուլի հաջող իրականացման կապակցությամբ․ համաձայնագիր, որը կնքվել է ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ», - ասել է ռուս դիվանագետը։
«Համարում ենք, որ սա մեր ընդհանուր կարծիքն է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները խստորեն կիրականացվեն, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքները, և որ հարցը չի ավարտվի այդ պայմանավորվածությունների իրականացմամբ, և կձեռնարկվեն հետագա քայլեր, որոնց առնչությամբ վերջերս շատ քննարկումներ են եղել, այդ թվում՝ Շարմ էլ Շեյխում», - հավելել է Լավրովը։
Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է ողջ մնացած բոլոր 20 իսրայելցի պատանդներին, որի դիմաց իսրայելական բանտերից ազատ է արձակվել գրեթե 2000 բանտարկյալ։