Իրավունք

Բերման ենթարկված Սաղմոսավանքի հոգևոր հովիվն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

Բերման ենթարկված Սաղմոսավանքի հոգևոր հովիվն ազատ է արձակվել

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, որը բերման էր ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ազատ է արձակվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի շենքից դուրս գալուց հետո նա կարճ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ նշելով, որ իր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ 

Նա նշել է, որ իրեն բաց են թողել, տուն է գնալու։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Հայ Առաքելական եկեղեցու 6 հոգևորական բերման է ենթարկվել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ բերման են ենթարկվել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, նույն թեմի ևս 5 հոգևորականներ՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Ղևոնդ, Տեր Մկրտիչ քահանաները։ 

Հոգևորականներին բերման ենթարկելու լուրերին արձագանքել էր նաև ՀՀ քննչական կոմիտեն։ «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասված էր Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում