4 րոպեի ընթերցում
Մեծ Բրիտանիան կվերացնի Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն, ինչպես նաև երկու երկրների հետ հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին:
«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում գրանցված զգալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնում վերջերս կայացած գագաթնաժողովի պատմական արդյունքները՝ Մեծ Բրիտանիան կարծում է, որ ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումների» վերաբերյալ առաջարկվող զենքի էմբարգոյի հիմքում ընկած տրամաբանությունը վերացել է։ Հետևաբար, Մեծ Բրիտանիան լիովին կվերացնի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն», - նշված է Դաութիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Նրա խոսքով՝ այս որոշումը հնարավորություն կտա զարգացնել Մեծ Բրիտանիայի անվտանգության և պաշտպանության գործընկերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ արագ փոփոխվող համատեքստում և թույլ կտա Մեծ Բրիտանիային աջակցելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերին, այդ թվում՝ այլ պետություններից և ոչ պետական գործիչների կողմից եկող ավանդական և հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան։
Պետնախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտահանման և առևտրի լիցենզիաների դիմումները կշարունակեն գնահատվել յուրաքանչյուր դեպքի համար՝ համաձայն Մեծ Բրիտանիայի ռազմավարական արտահանման լիցենզավորման չափանիշների, և կառավարությունը չի տրամադրի որևէ լիցենզիա, եթե դա չհամապատասխանի որևէ չափանիշի:
«Մենք ուշադիր կհետևենք Ադրբեջանի և Հայաստանի տարածաշրջանային և ներքին անվտանգության իրավիճակին։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ սա Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հնարավորության պահ է։ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների, Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ գործընկերների հետ՝ կառուցողական և նախաձեռնողական դեր խաղալու այս վերափոխման, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում»,- նշել է նա:
Դաութին նաև շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ դարձնելով դրանք ռազմավարական գործընկերություն։
Դաութին նաև անդրադարձել է օգոստոսին Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցին, որի նպատակն էր վերահաստատել Մեծ Բրիտանիայի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հեռանկարները ամրապնդելու հարցում։
«Մենք անհապաղ քայլեր ենք ձեռնարկել՝ ողջունելու և աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի փակմանը՝ համաձայն նրանց խնդրանքի։ Մեծ Բրիտանիան ողջունում է սեպտեմբերի 1-ին ձեռք բերված կոնսենսուսը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները պաշտոնապես լուծարելու վերաբերյալ», - հավելել է նա։