Մարզեր

Շիրակի մարզում քաղաքաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում քաղաքաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում

2025 թվականին ՀՀ Շիրակի մարզում իրականացվում են քաղաքաշինական և ենթակառուցվածքային լայնածավալ ծրագրեր։ Մասնավորապես, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Շիրակի մարզում ընթացքի մեջ են 11 դպրոցի և 2 մանկապարտեզի կառուցման աշխատանքներ՝ շուրջ 20 միլիարդ 674 միլիոն 272 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, այս ծրագրերի շրջանակում 2025 թվականին արդեն իրականացվել են 2 միլիարդ 974 միլիոն 725 հազար դրամի շինարարական աշխատանքներ։ 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ավարտին են մոտենում 27 դպրոցի վերանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 6 միլիարդ 109 միլիոն 563 հազար դրամ արժեքով։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Էմիլ Պետրոսյանի ներկայացմամբ՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրակությամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի «Լապտերիկ», «Արևիկ» և Անի համայնքի Սառնաղբյուր գյուղի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները։

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մարզում շարունակվում են նաև մի շարք կարևոր շինարարական նախագծեր՝ Ամասիա համայնքի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցում, Արթիկի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներ, Ախուրյան համայնքի Ն․ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգում։

Բացի կրթական և առողջապահական օբյեկտներից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ Շիրակի մարզում ընթացքի մեջ են 11 ճանապարհաշինական ծրագրեր, որոնք կբարելավեն համայնքների միջև տրանսպորտային հասանելիությունը և կապը։                                                                                      

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում