«Ինքնության արահետ». Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Պատրիարքարանի պատմության մասին պատմող բացառիկ ֆիլմի ցուցադրությունը

7 րոպեի ընթերցում

Ստամբուլի պատմական հայկական Գումգափու թաղամասը, որի հայ բնակչությունը վերջին տասնամյակներում զգալիորեն պակասել է, հոկտեմբերի 11-ին կրկին հայաշատ էր։ Պատճառը բացառիկ ֆիլմի անդրանիկ ցուցադրությունն էր, որին ներկա լինելու համար Պոլսի Հայոց պատրիարքության տարածքում էին հավաքվել ինչպես համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ հյուրեր Հայաստանից ու այլ երկրներից։ 

«Ինքնության արահետ. Պոլսո Պատրիարքական Աթոռը ժամանակների մեջ» խորագրով ֆիլմի հեղինակներն են «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը և վավերագրող, հրապարակախոս, «Ֆակտում» փաստագրական կենտրոնի ղեկավար Տիգրան Պասկևիչյանը։ 

Ֆիլմը պատմաբանների, հոգևորականների, իրավաբանների ու այլ մասնագետների ներգրավմամբ պատմում է 1461 թվականին հիմնադրված Պոլսո Պատրիարքական Աթոռի պատմությունը՝ հիմնադրումից մինչև մեր օրեր։ Ֆիլմում ներկայացված են պատրիարքարանի պատմության կարևորագույն ու առանցքային շրջանները՝ գալով մինչև մեր օրեր ու խոսելով արդեն պատրիարքարանի մեր օրերի կարևորագույն խնդրի՝ Թուրքիայում իրավական կարգավիճակի բացակայության մասին։ 

Լեփ-լեցուն դահլիճում ցուցադրված ֆիլմը Պոլսո Հայոց պատրիարքության ավելի քան կեսդարյա պատմության սոսկ վավերագրությունը չէր։ Ֆիլմը մեծ հոգատարությամբ ստեղծված պատմություն էր այն մասին, թե ինչպես Պոլսի ավանդական հայկական համայնքը, դիմագրավելով հարյուրամյակների ընթացքում հանդիպած վայրիվերումներին  ու մարտահրավերներին, կարողացել է պահպանել հայկական ինքնությունը: Հիմնադրման օրվանից ի վեր Պոլսո Հայոց պատրիարքարանը հանդես է գալիս ոչ միայն որպես զուտ կրոնական հաստատություն, այլև իբրև Պոլսի հայ համայնքի հոգևոր, մշակութային և սոցիալական առանցք:

Ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսվել են մոտ 10 տարի առաջ։  Տիգրան Պասկևիչյանը ցուցադրության ավարտին ներկաներին պատմեց, որ Գոչունյանի հետ համատեղ աշխատանքի ակունքներում համոզմունքն էր, որ ֆիլմում պատմությունը պետք է ներկայացվի առավելագույնս ճշմարիտ կերպով։  «Մտածեցինք, որ մեր հայեցակարգի առանցքում պետք է լինի ճշմարտությունն ասելը, ցույց տալը, թե ինչ է եղել, որպեսզի մարդիկ իրենք կարողանան որոշակի եզրակացություններ ու եզրահանգումներ անել»,- նշեց Պասկևիչյանը։ Նրա համոզմամբ՝ շատ-շատերի համար ֆիլմի բովանդակությունը  նորություն է լինելու, հետևաբար ֆիլմը նաև ինչ-որ առումով կարող է ուսուցողական նշանակություն ունենալ բոլոր այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են Պոլսի հայկական համայնքի պատմությամբ։ 

Ֆիլմի գաղափարի հեղինակ Արա Գոչունյանն ընդգծեց, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել ի հիշատակ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Մարտիրոս Գոչունյանի մահվան 50-րդ տարելիցի, ի նշանավորումն Պոլսո Հայոց պատիրարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գահակալության 5-ամյա հոբելյանի և ի հարգանս երջանկահիշատակ Տիգրան Գյուլմեզգյուլի։ 

«Ժամանակ»-ի երկարամյա խմբագրի խոսքով՝ ֆիլմը նպատակ ունի համայնքի ներսում ի ցույց դնել պարզ ճշմարտությունը՝ կարևոր է լինել միասնական՝ դիմագրավելու բոլոր փորձություններին, որոնք բերում են ժամանակի իրողությունները։ «Այս ֆիլմը ցույց է տալիս, թե մենք որքան կարիք ունենք լինելու միասնական։ Պատմության մեջ տեսնում ենք, որ նույնիսկ համաշխարհային վայրիվերումներր ժամանակ, երբ մեր ազգը դժվարություններ է ունեցել, բոլոր ձեռքբերումները հնարավոր են եղել, երբ գործել ենք միասնականությամբ։ Մենք պարտավոր ենք միասին լինել, միասնական գործել, ոչ թե իրար դեմ, այլ իրար հետ պայքարել, քանի որ այլ ելք չունենք»,- նշեց Գոչունյանը։ 

Պոլսո Հայոց պատրիարքարանն այսօր իր աշխատանքներն է կազմակերպում՝ առանց երկրի ներսում որևէ իրավական կարգավիճակ ունենալու։ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նշեց, որ համայնքային կյանքի կազմակերպման տեսանկյունից իրավական կարգավիճակի բացակայությունը շատ հաճախ է խնդիրներ առաջացնում։ 

«Մենք բոլոր հարթակներում ներկայացնում ենք մեր այս իրավիճակը, սակայն պետությունը չի ցանկանում որևէ գրավոր փաստաթուղթ տալ փոքրամասնություններին»,- նշեց պատրիարքը՝ ընդգծելով, որ լիահույս չեն, որ խնդիրն առաջիկա տարիներին էլ լուծում կգտնի, քանի որ պետությունը շատ հաճախ դիտարկում է համայնքին կարգավիճակ շնորհելը որպես «պետության գոյություն պետության ներսում»։ «Ամեն անգամ, երբ որևէ խնդրով դիմում ենք, պետությունը մեր խնդիրներին այդ պահին գործնական լուծում է տալիս։ Օրինակ, եթե պատրիարք պետք է ընտրենք, լուծումը գտնվում է, սակայն դրանք մնայուն լուծումներ չեն»,- ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարքը։ Խնդիրը, սակայն, միայն Թուրքիայի հայ համայնքին բնորոշ չէ. նույն խնդրի հետ բախվում են նաև այդ երկրում բնակվող հույները, հրեաները, ասորիները։ Պատրիարքը ցավով նշեց, որ ժողովրդագրական ցուցանիշներն ի օգուտ հայ համայնքի չեն աշխատում։ Ամեն մեկ ծնունդի դիմաց գրանցվում է 3 մահ։ Վերջին տարիների այս մտահոգիչ ցուցանիշները հաշվի առնելով՝ խնդիրը կարող է պարզապես դադարել գոյություն ունենալ ազգային փոքրամասնությունների թվի նվազմամբ պայմանավորված։ «Ոչ իսլամական փոքրամասնությունների թիվն ընդհանուր բնակչության մեջ մեկն է հազարից, այսինքն 85 մլն բնակչության մեջ չկա անգամ 85 հազար քրիստոնյա։ Մենք՝ հայ համայնքը, 40 հազար ենք, ամենամեծաթիվ փոքրամասնական համայնքն ենք երկրում»,- նշեց պատրիարքը։

Ֆիլմի ցուցադրության ավարտին Տիգրան Պասկևիչյանին մշակութային, հոգևոր և հասարակական ոլորտներում երկարամյա աշխատանքի համար շնորհվեց Պատ­րիար­քա­կան Ա­թո­ռի Մաղաքիա պատրիարք Օրմանյան շքանշանը։

Արևմտահայերեն, արևելահայերեն, անգլերեն, թուրքերեն և ֆրանսերեն արտադրված ֆիլմը նոյեմբերին ցուցադրվելու է Նյու Յորքում, ապա արդեն Հայաստանում, Թուրքիայում և այլ երկրներում։ 

 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում