Թարգմանչական արվեստը՝ կամուրջ երկրների միջև. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ
7 րոպեի ընթերցում

Թարգմանչաց տոնի առթիվ Հայաստանի գրողների միությունն ավանդույթի համաձայն անցկացրեց ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը՝ արժևորելով թարգմանիչների անգնահատելի դերը տարբեր մշակույթների մերձեցման, գրական կապերի զարգացման գործում։
Մինչ մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին Օշականում, միության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև Տերունական աղոթքով մեկնարկեց «Կանթեղ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց՝ կան ու կլինեն թարգմանիչներ, որոնք հրաշալի գրականություն են ստեղծում։ «Հինգերորդ դարից սկսած՝ մեր գրողները թարգմանական գրականությամբ հարստացրել են իրենց հոգիները, իրենց մտածողությունը։ Մեր օրերում ևս ժամանակակից և դասական գրականություն թարգմանելով՝ մեր լեզվամտածողությունն ենք հարստացնում, մեր հոգին ենք ամրացնում, հատկապես այս դժվար ժամանակներում, երբ մշակույթը, գրականությունը 4-րդ պլան են մղվում։ Ամբողջ աշխարհում հատկապես պոեզիա քիչ են ընթերցում, երբեմն էլ պարզ չէ, թե ինչ գրականություն են կարդում»,-ասաց նա և հավելեց՝ հայ ժողովուրդը, հենվելով հսկա ավանդույթների վրա, ստեղծել է հզոր գրականություն, երաժշտություն, գեղարվեստ, որոնք հարկավոր է պահպանել։

Հայաստանի և Վրաստանի գրողների միության անդամ, «Իվերիա» Հայաստանի վրացական բարեգործական համայնքի փոխնախագահ և «Իվերիա»-ին կից կիրակնօրյա դպրոցի վրացերենի ուսուցչուհի Նինո Սպանդերաշվիլին հայերենից վրացերեն մի շարք թարգմանություններ է արել, սակայն «Կանթեղ»-ի արժանացավ «Ափից ափ» երկլեզու գրքի համար։ Գրքում տեղ են գտել Թումանյանի, Շիրազի, Տերյանի, Չարենցի, Սահյանի, Կապուտիկյանի, ժամանակակիցներից՝ Գագիկ Դավթյանի, Արևշատ Ավագյանի, Լևոն Բլբուլյանի, Խաչիկ Մանուկյանի և այլ հեղինակների գործեր, ինչպես նաև՝ Սպանդերաշվիլիի բանաստեղծությունները, որոնք վրացերենից հայերեն են թարգմանվել։

«Վրացուհի եմ, քառասուն տարի ապրում եմ Հայաստանում։ Գրքի վերնագիրը՝ «Ափից ափ»-ը, խորհրդանշում է Հայաստանն ու Վրաստանը։ Ափերը երկու երկրներն են, իսկ իմ կյանքը այն գետն է, որը հոսում է նրանց միջև։ Այդ բանաստեղծություններն ու թարգմանությունները հայ և վրացի ժողովուրդների սիրուց են ծնվել։ Երկու երկրների միջև կան մշակութային ամուր հարաբերություններ, որոնց ես էլ եմ նպաստում և հանդիսանում եմ կամուրջ հայ և վրացի գործիչների միջև»,-նշեց Սպանդերաշվիլին։ Նա հիշեցրեց՝ գրող, թարգմանիչ Արևշատ Ավագյանի հետ հայերեն են թարգմանել վրաց ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները, որոնք տեղ են գտել «Արևային ներշնչանքներ» գրքում։
Սպանդերաշվիլին ամեն տարի հայ բանաստեղծների գործերն ուղարկում է Վրաստանում անցկացվող «Իվերիա» ամենամյա մրցանակաբաշխությանը։ Հայ հեղինակների գործերը նկատվում են, մրցանակների են արժանանում։
«Մարդիկ չեն կարող ընտրել իրենց հայրենիքը, չեն կարող ընտրել ծնողներին ու հարևաններին։ Մենք իրար չենք ընտրել. մենք կողք կողքի ենք և փրկության ճանապարհը հայերի ու վրացիների բարեկամության, սիրո մեջ է։ Եթե ցանկանում ենք ունենալ խաղաղ, կայուն Կովկաս, պետք է բարեկամական հարաբերությունները զարգացնենք»,-եզրափակեց Նինո Սպանդերաշվիլին։
Ռուզան Միրզոյանը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Միշել Ուելբեքի «Հնազանդություն», Ֆրեդերիկ Բեգբեդերի «99 ֆրանկ», Ժան-Քրիստոֆ Ռյուֆենի «Կարմի ժապավենը» և այլ հեղինակների ստեղծագործություններ։

«Կանթեղ»-ը ստանալիս նա խոստովանեց՝ խորապես երջանիկ է նման պատվի արժանանալու համար։ «Մրցանակը ոչ միայն գնահատանք է, այլև պարտավորություն՝ շարունակելու այն ճանապարհը, որը միացնում է լեզուները, մշակույթները և մարդկանց՝ նպաստելով մտքի և հոգու առաջընթացին։ Թարգմանչի գործն անտեսանելի է, բայց չափազանց կարևոր, առանց որի գրականությունը չէր ունենա իր համամարդկային ուժն ու շունչը։ Թարգմանել Մարսել Էմեի, Էքզյուպերիի, Պրևերի և այլոց ստեղծագործությունները, նշանակում է ապրել նրանց մտքի, սրտի և խոսքի աշխարհում, լսել նրանց ներքին ձայնը, զգալ նրանց ցավն ու հույսը։ Նրանցից յուրաքանչյուրն իմ առջև բացել է մարդկային փորձառության տարբեր երանգներ»,-շեշտեց Միրզոյանը։
«Կանթեղ»-ի արժանացավ նաև Գագիկ Բաղդասարյանը, որն իտալերենից հայերեն է թարգմանել Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալ»-ը, Ալբերտո Մուրավիայի «Պատմություններ նախապատմությունից», Ջանի Ռոդարիի «Իտալական երգ» և այլ գրքեր։

«Կանթեղ» մրցանակը տրվեց նաև Նատալյա Գոնչարին, որը ներկա չէր մրցանակաբաշխությանը։ Գոնչարը անգլերենից հայերեն է թարգմանել Վիլյամ Սարոյանի «Ինչի մասին է խոսում գրողը», «Գրողի դեկլարացիան» և 25 պատմվածքներ, «Հայը և հայը», «Վիպակներ և պատմվածքներ» գրքերը, հայերենից ռուսերեն է թարգմանել Պերճ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» և այլ ստեղծագործություններ։

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են տոնախմբություններ:
Հայաստանում Թարգմանչաց տոնը նշելու գործում մեծ դերակատարություն է ունեցել նաև գրող, թարգմանիչ Արևշատ Ավագյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը տարիներ շարունակ իրականացնում է մրցանակաբաշխությունը, որի նպատակը դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է:
