Խոսող նամակից մինչև ԱԲ ընկեր. «ԴիջիԹեք»-ը համախմբել է տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին և տեխնոլոգիաներ կիրառողներին
12 րոպեի ընթերցում
Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք»-ը, ավանդույթի համաձայն իր շուրջ է համախմբել կազմակերպությունների, ընկերությունների, անհատների, որոնք իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունենում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի գործում։ Սպասված միջոցառմանը մասնակցում են նաև կրթական, մշակութային հաստատություններ, որոնք հետևում են տեխնոլոգիական զարգացումներին, նվաճումներին և այդ գործիքները կիրառում են իրենց աշխատանքում։
«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը «ԴիջիԹեք 2025»-ի բացմանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, շրջել են տաղավարներում և զրուցել հետաքրքիր անհատների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Երվանդ Քոչարի թանգարանը, որը ձգտում է հանրայնացնել մեծ վարպետի թողած հարուստ ժառանգությունը նաև նորարարական լուծումներով, երկրորդ անգամ է մասնակցում «ԴիջիԹեք»-ին։
«Այստեղ կարող եք տեսնել մի նոր ինստալյացիա՝ ստեղծված 1930-ականներին Փարիզում ծնված տարածական գործերից մեկի հիման վրա։ Ինստալյացիան վերջերս օգտագործվել է ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի «Քոչար 360°» պերֆորմանսի ժամանակ»,- տեղեկացրեց թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։
Նրա խոսքով՝ Քոչարի արվեստը նոր մոտեցումներով մատուցելով՝ ոչ մի հեղափոխություն չեն անում։ «Ցուցադրություններ կազմակերպելիս առաջնորդվում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ցուցահանդեսները պետք է լինեն գիտականորեն հիմնավորված, ունենան այցելուին գրավող բաղադրիչ և նորովի ներկայացնեն Քոչարի արվեստը։ Եթե որևէ այցելու գիտական տարր է փնտրում, կգտնի, արագ տպավորություն ևս կգտնի։ Նոր տեխնոլոգիաներն օգնում են, որ վարպետի մտքերն առավել պատկերավոր ու հասանելի լինեն՝ առանց շեղվելու Քոչարի գծից, ուրվագծից, ձեռագրից, մտքերից ու գաղափարներից»,- շեշտեց նա։
Տաղավարներից մեկի վրա նկատելի տառերով գրված է. «Գնա երազանքիդ ետևից»։ «ԴիջիԹեք 2005»-ի տնօրեն Աննա Թովմասյանն ընդգծեց՝ «ԴիջիԹեք»-ը Կարեն Վարդանյանի երազանքն էր։ «Քսաներեք տարեկան էի, երբ հանդիպեցի Կարենին։ Նա ասաց, որ նման նպատակ ունի: Դա անհավանական բան էր թվում, բայց Կարենի ղեկավարությամբ 2005 թվականին իրականություն դարձրինք նրա երազանքը։ Կարեն Վարդանյանը մեզ սովորեցնում էր, որ կյանքի գերագույն մոտիվացիան ծառայության մեջ է»,-պատմեց նա։
Երբ տաղավարի ներսում ես հայտնվում, տեսնում ես էկրան, որից Կարեն Վարդանյանը պատմում է իր երազանքի մասին։ «Ներսում մարդիկ կարող են գրել, թե ինչպես են մտադիր ծառայել հասարակությանը, հայրենիքին, աշխարհին և ինչ արժեք կարող են ստեղծել։ Այդ գրառումները տեղադրվելու են «Ինստագրամ»-ի մեր էջում, և հասկանալու ենք, թե որքան հզոր ենք մեր երազանքներով»,- ասաց Թովմասյանն ու հավելեց՝ իրենց երազանքով մյուսներին հորդորում են չմոռանալ սեփական երազանքների մասին։ (Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել է 2005 թվականին։ Այն մտահղացել և իրագործել է տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, նախկինում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը)։
Ցուցադրությունում շրջելիս անհնար է անտարբեր անցնել «Նեմրութ» բրենդի հագուստների կողքով, որոնց միջոցով հեղինակները ցանկացել են ցույց տալ, թե ինչպես են Հայաստանում ծրագրավորողները հագնվել 1960-ական թվականներից մինչ օրս։
«1960-ականներին ծրագրավորողները նախընտրել են դասական ոճը՝ տաբատ, վերնաշապիկ և բաճկոն, որոնք հիմնականում մոխրագույն կամ շագանակագույն են եղել, 1970-ականներն ավելի մեծ ազատություն են տվել նրանց. դասական տաբատ է, վերնաշապիկ, բայց գույներն ավելի վառ են և երկրաչափական նախշազարդերն են գերակշռում, իսկ 1980-ականներին դասական հագուստը զիջում է իր դիրքերն ու առաջ են գալիս լայն ջինսերը, լայն վերնաշապիկները, 1990-ականներին ջինսերն են, շապիկները, որոնք ազատ ոճի են։ Մեր օրերում ևս ծրագրավորողները նախընտրում են հարմարավետությունը՝ ջինսեր, վերնաշապիկներ, շապիկներ, բաճկոններ և այլն»,- պատմեց «Նեմրութ» բրենդի համահիմնադիր Օֆելյա Ազիզյանը։
Հեղինակները պատկերացնել են, թե ինչպիսին կլինի ծրագրավորողի կերպարն ապագայում։ Հույս ունեն, որ ծրագրավորողներն ավելի շատ կնախընտրեն տեղական բրենդների հագուստը։ Ուրախալի են համարում, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ երկար քննարկումների արդյունքում ՏՏ ոլորտի մասնագետների համար հագուստի հավաքածու ստեղծելու առաջարկ են ստացել։
Հիշեցնում են՝ «Նեմրութ» բրենդը 2018-ին ստեղծել են Օֆելյա Ազիզյանն ու Սիրանուշ Մխիթարյանը։ Այն միտված է հայկական տարազի վերաիմաստավորմանն ու այն ժամանակակից հագուստի վերածելուն։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ևս տաղավար ունի «ԴիջիԹեք»-ում։ Կենտրոնը կարևորում է արհեստական բանականության կիրառումն առօրյայում և անում հնարավորը՝ իր սաներին այն լավագույնս ներկայացնելու համար։
«Միշտ զբաղվել ենք արհեստական բանականությամբ, բայց ցանկանում ենք՝ այն ավելի մասսայական դառնա, որպեսզի մեր ուսանողների 80-90, եթե ոչ 100 տոկոսը առնչվեն ԱԲ գործիքների հետ։ Դրանց տիրապետելով՝ կարող են հետաքրքիր ծրագրեր մշակել, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես է հնարավոր պաշտպանվել արհեստական բանականությունից, քանի որ այն նաև վտանգներ ունի»,- շեշտեց «Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։
Նա շեշտեց՝ ուսանողներից մեկն ԱԲ-ի միջոցով փորձել է հասկանալ լրատվական վերնագրերում սարկազմի առկայության աստիճանը, ստեղծել են բազմաթիվ տեսանյութեր։ «Նոր հարթակ ենք ստեղծել, որի միջոցով ինքնակրթությամբ զբաղվող ուսանողներին ենք աջակցում։ Ուսուցման վարժանքներով զբաղվելով՝ էկրանին հայտնվում է ԱԲ դասընկերը, որը քեզ հետ անում է նույն վարժանքը։ Այն, ինչ յուրացնում ես, կարող ես բացատրել ԱԲ դասընկերոջդ, որը ձևացնում է, թե չի հասկացել ծրագիրը։ Սովորեցելով՝ սովորում ես»,- ասաց Փափազյանը։
Զարմանալի չէր հանդիպումը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչների հետ, որովհետև 20-ամյա նվագախումբը հետևում է տեխնոլոգիական զարգացումներին ու կիրառում համապատասխան գործիքները։ 2019-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) ընթացքում Սիմֆոնիկն արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը կատարեց։
Նվագախմբի մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Սևակ Հակոբյանը նշեց՝ մեկնարկել է հոբելյանական համերգաշրջանը և այդ առիթով պատրաստել են ինտերակտիվ նամակ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։ «Երբ Arloopa ծրագրի միջոցով սքանավորում ենք նամակը, բացվում է Սմբատյանի խոսքը՝ ուղղված մեր ունկնդիրներին։ Տրամադրում ենք տեղեկություններ մեր առաջիկա համերգների մասին։ Համերգներից մեկը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին։ Ամբողջ հասույթը փոխանցվելու է «Սիմֆոնիկ անտառ»-ին։ Ցանկացած մարդ, որը գնում է տոմս, ինքնաբերաբար «ծառ է տնկում» այդ անտառում»,-ասաց Հակոբյանն ու հավելեց՝ հետաքրքիր հնարքներով փորձելու են ստուգել իրենց տաղավար այցելած մարդկանց երաժշտական գիտեիքները։ Ճիշտ պատասխանների պարագայում առաջիկա համերգների տոմսեր են նվիրելու։
«Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի տաղավարում իրենց շատ լավ կարող են զգալ թե՛ դպրոցականները, թե՛ դպրոցը վաղուց ավարտած մարդիկ՝ վերհիշելով անցած տարիները. տաղավարը հագեցած է դպրոցի մասին հիշեցնող տարբեր գրառումներով, պաստառներով։ Այցելուներին հնարավորություն է տրվում իրենց նախընտրած գրությունը ձեռքին լուսանկարվել և խրախուսել կրթություն ստանալու, գիտելիքներ ձեռք բերելու գաղափարը, ինտելեկտուալ խաղեր խաղալ ու արժանանալ մրցանակների։
Հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Մանուկյանը նշեց՝ ԱՏՁՄ-ի անդամ են և հանդես են գալիս Teach For Armenia նախաձեռնությամբ, որն ՏՏ կազմակերպությունների աշխատակիցներին առաջարկում է իրենց աշխատանքը համատեղել տարբեր համայնքներում տարբեր առարկաներ դասավանդելու հետ։ «Այդ մասնագետների համար ճկուն գրաֆիկ է ապահովվում և կնքվում է մեկ տարվա պայմանագիր։ Այդ կերպ խրախուսում ենք տեխնոլոգիաների զարգացումը համայնքներում, ինչպես նաև լրացնում բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ուսուցիչների բացը, համագործակցում ենք ՏՏ կազմակերպությունների հետ»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ արդեն համագործակցում են 13 ուսուցչի հետ, որոնք աշխատում են ՏՏ կազմակերպություններում և տարբեր մարզերում։ Բացի Վայոց ձորի մարզից, Հայաստանի մյուս մարզերում արդեն ունեն ուսուցիչ-առաջնորդներ։ Եղել են մասնագետներ, որոնց այնքան է դուր եկել դասավանդման գործընթացը, որ որոշել են երկարացնել համագործակցությունը Teach For Armenia-ի հետ և շարունակել նաև մանկավարժական գործունեությունը։
Հիմնադրամը սիրով է մասնակցում «ԴիջիԹեք»-ին, քանի որ համագործակցություններն ընդլայնելու լայն հնարավորություններ են ստեղծվում։
«ԴիջիԹեք 2025»-ը կանցկացվի անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձևաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հոկտեմբերի 10-12-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ աննախադեպ մշակութային ծրագիր՝ Տիգրան Համասյանից մինչև Մուրկոֆ։
«ԴիջիԹեք 2025»-ի ինստիտուցիոնալ աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։
Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն: