Հայաստան

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

2 րոպեի ընթերցում

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը նախատեսվում է ներգրավել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ, որով սահմանված են ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ինչպես նաև դրա ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը։

Գործող կարգավորումներով համապատասխան եզրակացություններ և տեղեկություններ տրամադրող պետական մարմինների ցանկում ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը ներառված չէ։

Նախագծով առաջարկվում է համապատասխան հավելվածներում Պետական եկամուտների կոմիտեից հետո ավելացնել նաև ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացներում Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայության ներգրավվածությունն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչը բխում է ազգային անվտանգության շահերից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Փոփոխությունների ընդունման արդյունքում արտաքին հետախուզական ծառայությունը կմասնակցի ռազմական նշանակության արտադրանքի շրջանառության լիցենզավորման գործընթացներին վերաբերող իրավակարգավորումներին։

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում