Բելգիան Հարավային Կովկասում դրական զարգացումներ է ակնկալում․ Էրիկ Դը Մույնք
2 րոպեի ընթերցում

Բելգիան պաշտպանում է Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին նշեց ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքը՝ անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանն ուղղված գործընթացներին։
«Այն առաջընթացը, որ գրանցվեց օգոստոսին Վաշինգտոնում, կարևոր է։ Այդ համաձայնագրի ստորագրմամբ կարծում ենք, որ հնարավորություն է տրվում նոր ավելի դրական խոսույթ ձևավորել։ Հաղորդակցությունը տարածաշրջանում շատ կարևոր է։ Կարծում ենք, որ թե Հայաստանի, թե տարածաշրջանի համար զարգացման շատ մեծ ներուժ կստեղծվի, տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորություն կձևավորվի։ Այնպես որ գործընթացները դրական են, և հուսով ենք, որ դրանք կտան նաև դրական արդյունքներ»,-ասաց դեսպանը։
Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Կողմերը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը։ Այն վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրին, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանը։