Հասարակական

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով բարձր մակարդակի քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով բարձր մակարդակի քննարկմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Իսպանիայում անցկացվող Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) գագաթնաժողովի շրջանակում կայացած «Ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով բարձր մակարդակի կլոր-սեղան քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, պանելային քննարկման ընթացքում Հայաստանի, Կանադայի, Լիտվայի, Ուկրաինայի, Իսպանիայի բարձրաստիճան պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակության, լրագրողական համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են ապատեղեկատվության և մանիպուլյացիոն տեղեկատվության տարածման հետևանքները ժողովրդավարության և պետական կառավարման արդյունավետության վրա։ Մասնակիցները կարևորել են թափանցիկության, մասնակցության և հաշվետվողականության դերը տեղեկատվական միջավայրի կայունության և հանրային վստահության ամրապնդման գործում։

Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության մոտեցումները տեղեկատվական հուսալիության ապահովման և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ՝ ընդգծելով, որ խնդրի արդյունավետ հաղթահարման համար անհրաժեշտ է կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի համագործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել բաց կառավարման ինստիտուցիոնալ մեխանիզմները, իրականացնել թվայնացման և հանրային ներգրավման բարեփոխումներ՝ ապահովելով քաղաքական գործընթացների առավել թափանցիկություն և հանրային վերահսկողություն։

Նշվում է, որ քննարկման ընթացքում մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային փորձի փոխանակման, մարդու իրավունքների և խոսքի ազատության պահպանման, ինչպես նաև համագործակցության խորացման անհրաժեշտության վրա՝ նպատակ ունենալով ձևավորել առողջ և վստահելի տեղեկատվական միջավայր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում