Ներքին Գետաշենում ընթանում են ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի սկզբից ընթանում են ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, գյուղի ոռոգման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 175 միլիոն 329 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի կառուցում Ներքին Գետաշենի 20 տարբեր փողոցներում, երկաթբետոնյա և երկաթյա կիսախողովակներով, շուրջ 5 հազար մետր երկարությամբ։

Ծրագրի շահառու է հանդիսանում շուրջ 1500 տնտեսություն։

Ծրագրի իրականացման արդյունքում եկող տարվանից տնամերձ հողամասերում ոռոգման ջուրը տնտեսություններին կմատակարարվի ժամանակին և անկորուստ։ 

2025 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 30 տոկոսով։

Հայերեն