Պետք է լրջանալ, այդ պրոցեսը չի կարող անդադար ձգվել. Փաշինյանը դժգոհեց Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքից
2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց Մարտի 1-ի գործով դատավարությունից, դրա տեմպից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը այս մասին ընդգծեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարտի 1-ի զոհերին առնչվող գործով վճռին, որը հրապարակվել է վերջերս:
Վարչապետը նկատեց, որ դրանում նաև արձանագրված է, որ մահվան դեպքերի պատշաճ քննություն չի արվել:
«Այսօր մեր դատաիրավական համակարգը պետք է ապահովի, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները մի անգամ էլ չգնան ՄԻԵԴ: Եվ պարզվի, որ ՄԻԵԴ-ն ասում է՝ դատավարություն չի եղել, ֆարս է եղել, ձևական դատավարություն է եղել, գնացել-եկել են, մեկը հիվանդ է եղել, մեկը հայերեն չի հասկացել, մեկը ռուսերեն չի հասկացել: Եվ մեր դատաիրավական համակարգի գործընկերներին ասում եմ՝ իմ տպավորությամբ՝ եթե այսպես գնա, ապա ՄԻԵԴ-ը կայացնելու է նաև որոշում, որ 2018-ից մինչև 2025 թվականներին Մարտի 1-ի գործով նորմալ դատավարություն չի արվել: Չենք կարող այդպիսի բան թույլ տալ»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ դատական համակարգն անկախ է: Իշխանությունը դրա հետ խնդիր չունի: Բայց այդ հարցի քաղաքական պատասխանատվությունն իշխանության վրա է:
«Մեր այսօրվա դատավարությունը գնում է նախկին դատավարության ճանապարհով, որ եվրոպական դատարանում ֆարսի կարգավիճակ ստանա: Պետք է լրջանալ: Այդ դատավարությունը պետք է դատավարության բոլոր մասնակիցներին լրջացնի ու կոնկրետացնի: Մենք չենք ուզում ոչ մի ձևով միջամտել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ ինքը շատ շահագրգռված է այդ գործով, դա պետք է ավարտվի, չի կարող այդ պրոցեսն անդադար ձգվել:
«Ընդ որում, բացահայտված է: Քրեական գործի վարույթը կա, որ բանակում, այդ թվում, մարդկանց աշխատավարձեր են բաժանել, ապօրինի խմբեր են ձևավորել, ով է հրամանը տվել: Ինչքա՞ն կարելի է այս ֆարսը ձգել»,- նշեց նա: